Երեւանում պատրաստվում են հայ-ադրբեջանական 5-րդ խաղաղապահական ֆորումին

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական խաղաղապահական հերթական ֆորումի նախապատրաստման հասարակական բանավեճ: «Նման միջոցառումների նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ թշնամու կերպարը հաղթահարելն է»,- հայտարարել է International Alert Եվրասիայի հարցերով նախագծերի տնօրեն Դեսսիսլավա Ռուսսանովան, նշելով, որ ֆորումի հիմնական նպատակը երկու երկրների միջեւ «վստահության կամուրջ» ստեղծելն է:



«Մեզ համար շատ կարեւոր է, թե ինչ կարծիք ունեն հասարակության անդամներն այդ մասին, եւ ինչպիսի ելք են տեսնում տվյալ իրավիճակից»,- հայտարարել է International Alert-ի տնօրենը:



Նրա խոսքերով, նման համագումարներն արդեն անցկացվել են Բաքվում, իսկ երկու օրից համագումարի անցկացումը նախատեսվում է Լեռնային Ղարաբաղում: Միաժամանակ Ռուսսանովան նշել է, որ նման համագումարների ացնկացման նպատակը համատեղ ֆորումին պատրաստվելն է, որը տեղի է ունենալու հուլիսի 21-24-ը Մոսկվայում:



Ֆորումների ժամանակ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի հասարակայնության հետ խորհրդակցություններ, որպեսզի իմանան բնակչության եւ մտավորականության կարծիքը քննարկվելիք հարցերի վերաբերյալ:
 Ուշագրավ
---