ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ԵՐԿՈՒ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայտնի դարձան մայիսի 19-ին 67-րդ եւ 75-րդ ընտրատարածքներում անցկացված խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների արդյունքները: 67-րդ ընտրատարածքում, նախնական տվյալներով հաղթել է ՀՅԴ անդամ Հակոբ Մաթիլյանը, որը հավաքել է 5500 ձայն: Նրա հակառակորդներն էին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Մաքեյանը (4217 ձայն), «Ցայթ» հեռուստաընկերության խմբագիր անկուսակցական Արթուր Կիրակոսյանը (3181 ձայն), Մեղրաշենի գյուղական համայնքի ղեկավար անկուսակցական Ռուբեն Հարությունյանը եւ Փոքր Մանթաշի գյուղապետ անկուսակցական Գեղամ Հակոբյանը: 75-րդ ընտրատարածքում հաղթել է մաքսային կոմիտեի աշխատակից անկուսակցական Հովիկ Աբովյանը, որը հավաքել է 11 հազար ձայն: Նրա հակառակորդներն էին Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը (5.900 ձայն) եւ «Հայէլեկտրոմաշ» ձեռնարկության ղեկավար Իլյիչ Բեգլարյանը (2.890 ձայն): Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում թեկնածությունն առաջադրելու իր մտադրության մասին հայտնել էր նաեւ ներքին գործերի նախկին նախարար, «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախկին առաջնորդ Վանո Սիրադեղյանը, որը գտնվում է միջազգային հետախուզության մեջ` մեղադրվելով մի շարք ծանր հանցագործություններում: Սակայն, ընտրական հանձնաժողովը չի գրանցել նրա թեկնածությունը, քանի որ դատարանը գտել է, որ ընտրական օրենքում ամրագրված նստակեցության ցենզը թույլ չի տալիս Սիրադեղյանին հավակնել պատգամավորական մանդատի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---