Պապոյան․ «Արարատցեմենտի» տնօրենը լինելու է նախարարության աշխատակից

Պապոյան․ «Արարատցեմենտի» տնօրենը լինելու է նախարարության աշխատակից

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի» կառավարումն ամբողջությամբ անցել է էկոնոմիկայի նախարարությանը, իսկ ընկերության տնօրենը լինելու է նախարարության աշխատակից, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ մյուս հիմնարկների վերաբերյալ ևս առաջիկայում համապատասխան որոշումներ կընդունվեն, հայտնում է Aysor.am-ը:

«Հավաստիացնում եմ ձեզ, որ պակաս հետաքրքրված չենք, որպեսզի տնտեսական ակտիվներն աշխատեն ամբողջ ծավալով»,-ասել է նա:

Անդրադառնալով մթերումների թեմային՝ նախարարը նշել է, որ այդ գործընթացում որևէ խնդիր չի լինելու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Արարատցեմենտ»-ի վիճակին, հայտարարել է, որ գործարանի տարածքը գտնվում է անմխիթար վիճակում և նշել է, որ այդ մասին նախկինում անձամբ խոսել է Գագիկ Ծառուկյանի հետ։

«Լուրերով նայում եմ՝ վերևից կադրեր են ցույց տալիս «Արարատցեմենտ» գործարանից: Դուք տեսե՞լ եք այդ կադրերը. այդ 21-րդ դարի գործարանը, դա ավեր է ընդամենը, թալանի օբյեկտ է: Միլիարդներ են աշխատել, միլիարդներ են տարել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է նա, հայտնում է Factor.am-ը։

Նրա խոսքով՝ դեռ երկու տարի առաջ, երբ անցել է գործարանի մոտով, այդ թեմայով զրուցել է Գագիկ Ծառուկյանի հետ։

«Ես դրոնից կադրերը չունեի, այդ գործարանի մոտով անցել եմ, մոտ 2 տարի առաջ պարոն Ծառուկյանին մի առիթով ասել եմ՝ ամոթ է, գոնե մուտքը… ինչ վիճակում է, ոնց որ գոմ լինի: Միլիարդների շրջանառություն… գոնե մուտքի հատվածը կարգի բերեք, մի քանի կոպեկ փող դրեք, կարգի բերեք: Մուտքի հատվածը գնացեք նայեք, վերևից կերևա՝ այդ գործարանի սեփականատե՞ր է այդ օգտագործողը, թե՞ սեփականատեր չի:

Հիմա, փառք Աստծո, անցել է պետության կառավարմանը: Եվ ես համոզված եմ որ ինչպես ՀԷՑ-ի դեպքում, դեռ շատ նորություններ կիմանանք: Ինչքան ՀԷՑ-ում բացահայտումները շատանում են, այնքան կալուգացի օլիգարխի ցանկությունը՝ նոր բարեգործություններ անելու, մեծանում է՝ հասկանալիորեն ցույց տալու համար, որ այդ թալանածը մենակ իր համար չի, կիսվում է ինքը ժողովրդի հետ: Ժողովրդի հետ կիսվելու մենակ մի ձև կա. դա պետական և համայնքային միջոցներն են, որովհետև դա է ժողովրդի գրպանը: Ուրիշ մնացած տեղերում դա թակարդ է ժողովրդի համար, ինչպես տեսել ենք նախորդող շրջանում»,- ասել է Փաշինյանը։

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում խախտումներ են բացահայտվել։ Հաղորդագրության համաձայն՝ 44․39 մլն դրամ արժեք ունեցող առողջարանը 2003 թվականին վաճառվել է 6․5 մլն դրամով, իսկ ընկերությունը, դատախազության տվյալներով, կեղծ փաստաթղթեր է ներկայացրել՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։

Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է հնարավոր խախտումներ՝ կապված ընդերքօգտագործման թույլտվությունների և պարտավորությունների կատարման հետ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---