ՀՅԴ. Մադրիդյան սկզբունքները չեն համապատասխանում ղարաբաղյան հակամարտության էությանը

PanARMENIAN.Net - «Մեծ ութնյակի» գագաթաժողովից հետո եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` Մոսկվայում հուլիսի 17-ին նախատեսվող հանդիպման նախօրեին ՀՅԴ գերագույն մարմինը ՀՀ նախագահին ուղղված իր ուղերձում հայտարարել է համայն աշխարհի հայության խորին հիասթափությունը Մինսկի խմբի համանախագահ երկրների` Հայաստանի վրա չարդարացված եւ անհիմն ճնշման կապակցությամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միակողմանի եւ վտանգավոր զիջումներ պարտադրելու նպատակով:



ՀՅԴ-ի կարծիքով, այդ զիջումները կվտանգեն Հայաստանի, ԼՂՀ-ի եւ հայ ժողովրդի անվտանգությունը, կմեծացնեն ադրբեջանական նոր ագրեսիայի հնարավորությունը եւ կվնասեն այս հակամարտության իրական կողմերի կարողությանը` հասնելու իսկապես երկարատեւ եւ կայուն խաղաղության:



«Խաղաղության ներկա գործընթացի ամենացայտուն թերություններից մեկը Լեռնային Ղարաբաղի օրինական ընտրված ներկայացուցիչների բացառումն է այդ գործընթացից: Որպես այս հակամարտության ուղղակի կողմ` Ադրբեջանի ագրեսիայի հիմնական զոհ եւ տարածաշրջանային խաղաղության որոնման լիարժեք անդամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խաղաղության գործընթացի բոլոր ասպեկտների լիարժեք եւ հավասար մասնակից պետք է լինի: Առանց այդ մասնակցության արդարացի եւ կայուն խաղաղություն պարզապես հնարավոր չէ: Ավելին. այսպես կոչված մադրիդյան սկզբունքները չեն համապատասխանում հակամարտության բնույթին եւ պատմությանը: Նաեւ, դրանք բոլորովին հաշվի չեն առնում ԼՂՀ ժողովրդի կամքը, որոնք օրիկանորեն արտահայտվել են 1991 եւ 2006 թվականների հանրաքվեներով»,- նշվում է ՀՅԴ ուղերձում:



Հայտարարությունում նաեւ ասվում է, որ «աշխարհի հայության մտահոգությունները ձեւակերպված են կից բանաձեւում, որն ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում` հուլիսի 11-ին կայացած համահայկական խորհրդաժողովում: Այս համահայկական խորհրդաժողովը մեկտեղել էր հայ առաջնորդների 25 երկրներից, որոնք ներկայացնում էին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Սփյուռքի քաղաքական, գիտական, կրոնական, գործարար եւ քաղաքացիական հասարակության շրջանակները: Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացի, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վիճակի երկօրյա մանրակրկիտ քննարկումից հետո խորհրդաժողովը հանգեց այն եզրակացությանը որ ոչ միայն ներկա բանակցությունների շրջանակն է թերի, այլեւ Մինսկի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների նշած հիմնական սկզբունքները ուղղակի սպառնալիք են ներկայացնում Հայաստանի եւ ԼՂՀ-ի կենսունակությանը եւ հետեւաբար չպիտի իրագործվեն Հայաստանի իշխանությունների կողմից»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---