Կստեղծվի Համահայկական իրավաբանական ընկերակցություն

PanARMENIAN.Net - Օրերս տեղի ունեցավ Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի կազմկոմիտեի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նիստին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ՀՀ փաստաբանների պալատից, Հայաստանի իրավաբանների միությունից եւ Երեւանի պետական համալսարանից:



Քննարկման հիմնական թեման էր համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերը. թեմատիկան, ծրագիրը, ինչպես նաեւ համաժողովում ստեղծվելիք Իրավաբանների համահայկական ընկերակցության կանոնադրական հարցերը:



Պարոն Գագիկ Հարությունյանը` ամփոփելով բոլոր հարցադրումները, կոնկրետացրեց համաժողովի թեմատիկան, որը վերաբերելու է իրավունքի ընկալմանը, օրենսդրական զարգացումներին, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշներին, իրավագիտության առաջ ծառացած հիմնախնդիրներին եւ այլն:



Որոշվեց համաժողովի նախօրեին` սեպտեմբերի 18-ին կազմակերպել արդեն Երեւան ժամանած համաժողովի մասնակիցների ընդունելություն ՀՀ սփյուռքի նախարարությունում, իսկ սեպտեմբերի 19-ին` համաժողովի բացումը կատարել ՀՀ կառավարության նիստերի դահլիճում: Նույն օրը տեղի կունենա պլենար մեկ նիստ, որից հետո մասնակիցները կբաժանվեն խմբերի եւ կայցելեն Սահմանադրական դատարան, Արդարադատության նախարարություն, ԵՊՀ, Փաստաբանների պալատ, որտեղ կշարունակվի քննարկումը:



Սեպտեմբերի 20-ին տեղի կունենա պլենար նիստ` ստեղծվելիք ընկերակցության կազմակերպական եւ կանոնադրական հարցերի շուրջ, կձեւավորվի հայ իրավաբանների միջազգային ընկերակցությունը:



Համաժողովի ընթացքում նախատեսվում են մասնակիցների համար ընդունելություններ ՀՀ Ազգային ժողովում եւ ՀՀ վարչապետի կողմից: Մասնակիցները կլինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մատենադարանում:



Համաժողովի կազմկոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսին, հաղորդվում է Հայաստանի Սփյուռքի նախարարության մամլո հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
---