20 օգոստոսի 2009 - 19:47 AMT
Հայաստանի կառավարությունը միջոցներ է հատկացրել երկրի հյուսիսում ճանապարհները վերականգնելու համար
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կայացած նիստին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի թիվ 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ գումար հատկացնելու մասին»: Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ բնական աղետների հետեւանքով մի շարք ճանապարհահատվածներ հրատապ վերանորոգման կարիք ունեն, իսկ որոշ օբյեկտների գծով աշխատանքներն անհրաժեշտ է ավարտել 2009թ. ընթացքում:
Մասնավորապես, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը 2009թ. երրորդ եռամսյակում կհատկացվի 210 000 հազար դրամ, որի արդյունքում կհիմնանորոգվի Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի սողանքային հատվածը, կկարգավորվի Ոսկեպար համայնքի շրջանցող ավտոճանապարհի ջրահեռացման համակարգը :
ՀՀ Սյունիքի եւ Տավուշի մարզպետարաններին տրվող հատկացումների շնորհիվ կլուծվեն սողանքային հատվածների ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների եւ կառույցների իրացման հետ կապված խնդիրներ եւ այլ հարցեր: