Արդյո՞ք Հայաստանում արդյունավետ կգործի «Հանդուրժողականության սկզբունքը»

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր պաշտոնական վեբ-կայքի միջոցով հանրության շրջանում անցկացնում է հարցում` մրցակցության կարգավորման միջոցների վերաբերյալ, հաղորդում է ՏՄՊՊՀ-ի լրատվական ծառայությունը:



ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատրաստում է մրցակցային օրենսդրության բարեփոխումներ, որում եվրոպական փորձագետներն առաջարկում են ընդգրկել «հանդուրժողականության սկզբունքի» (leniency programme) կիրառումը: Այն պատասխանատվությունը մեղմացնող ներման (կամ համաներման) համակարգ է, որը կարող է կիրառվել հակամրցակցային համաձայնությունների մեջ մտած այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք հակամրցակցային համաձայնության կայացման փաստի մասին կամավոր կտեղեկացնեն պաշտոնական մարմնին (տվյալ դեպքում` Հանձնաժողովին) եւ կտրամադրեն համաձայնության կայացման վերաբերյալ փաստեր: Փորձագետները միաժամանակ առաջարկում են բարձրացնել հակամրցակցային համաձայնությունների համար սահմանված տուգանքի չափը. ներկայումս գործող` խախտումը թույլ տված ընկերության նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի փոխարեն մինչեւ 10 տոկոս, ինչպես եվրոպական զարգացած երկրներում է: Փորձագետների կարծիքով, հանդուրժողականության սկզբունքի կիրառումը կմեծացնի հակամրցակցային համաձայնությունների բացահայտման հնարավորությունները, տնտեսվարողներին զերծ կպահի խախտումների դիմելու գայթակղությունից:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վիճակագրությունը ցույց է տվել, որ բոլոր այն երկրներում, որտեղ այս սկզբունքը կիրառվում է, հակամրցակցային համաձայնությունների 80 տոկոսից ավելին բացահայտվել է այս եղանակով: Այս գաղափարի կիրառման վերաբերյալ Հանձնաժողովը նպատակ ունի պարզել հանրության եւ մասնագիտացված շրջանակների չմիջնորդավորված տեսակետները:



«Հարցման արդյունքների պատկերն առավել օբյեկտիվ կլինի, եթե հնարավորինս շատ մարդ մանսակցի ու հայտնի իր տեսակետը: Ուստի խնդրում ենք ակտիվորեն մասնակցել հարցմանը, այցելել www.competition.am (http://competition.am/index.php?menu=287&lng=1) ինտերնետային կայք եւ պատասխանել մի շարք հարցերի», - նշվում է հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---