ԱՐԱԲԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԿՐԿԻՆ ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ ԲԵԹՂԵՀԵՄԻ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԻ ՏԱՃԱՐԸ

PanARMENIAN.Net - Արաբական աղբյուրների տվյալներով, այսօր գիշեր իսրայելական զորքերը գնդակոծել են Բեթղեհեմի Սուրբ Ծնունդի տաճարը: Ականատեսները վկայում են, որ քաղաքի կենտրոնում լսվում են պայթյուններ եւ երեւում են բռնկումներ: Եկեղեցում գտնվող պաղեստինցիներից մեկը հեռախոսով տեղեկացրել է, որ իսրայելացիների գրոհը ոչնչով հրահրված չէր: Նրա խոսքերով` տաճարում շրջափակված պաղեստինցիները պատասխան կրակ չեն բացել: Գրոհի ժամանակ ոչ ոք չի տուժել: Իսրայելական կողմը մերժել է տաճարը գնդակոծելու մասին պաղեստինցիների հայտարարությունը: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ իսրայելցի սնայպերի կողմից վիրավորված հայկական վանքի սպասավոր Արմեն Սինանյանը հիվանդանոց էր տեղափոխվել, զինվորների կողմից շրջափակված Բեթղեհեմի Սուրբ Ծնունդի տաճարում մնացել են վեց հայ հոգեւորականներ: Սուրբ հայրերը ոչ մի շփում չունեն տաճարի տարածքում թաքնվող պաղեստինցիների հետ: Վանքի գնդակոծումների արդյունքում տուժել է նրան հարող հայկական վանքը: Մասնավորապես, ավերվել է հնամյա հայկական խճանկարը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---