Միշել Լեգրանը նկարահանում է «Կույր սեր» ֆիլմը

PanARMENIAN.Net - Միշել Լեգրանի համերգը Երեւանում կանցնի Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ: Համերգին կմասնակցեն մաեստրոյի կինը` հայտնի տավղահար Կատրին Միշելը եւ նրա քույրը` Քրիսթինա Լեգրանը` սոպրանո, հայտնի The Swingle Singers համույթի նախկին մենակատարը: «Հայաստանի երիտասարդական նվագախումբը վատը չէ, ուղղակի տղաներին փորձն է պակասում: Երկրորդ փորձն ավելի հաջող անցավ եւ ես հուսով եմ, որ համերգը նորմալ կանցնի»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է Մ.Լեգրանը:



«Սա Լեգրանի առաջին մենահամերգն է Երեւանում, մինչ այդ նա Հայաստան է եկել Շառլ Ազնավուրի հետ եւ հանդես է եկել հավաքական համերգներում: Մաեստրոն հաճույքով ընդունեց մեր հրավերը: Նրա երաժշտական դիապազոնն այնքան լայն է ու հարուստ, որ ողջ աշխարհի երաժիշտները զգացել են նրա ազդեցությունը: Առանց նրա երաժշտության ջազի արվեստը շատ աղքատ կլիներ»,-իր հերթին ասել է հայտնի հայ ջազմեն Լեւոն Մալխասյանը:



Ինքը Լեգրանը նշել է, որ ներկայումս սկսում է «Կույր սեր» ֆիլմի նկարահանումները: «Ես հիմնականում գրում եմ մյուզիքլներ: Աշխարհում սխալ են հասկանում այդ ժանրի ողջ նշանակությունը: Օրինակ, «Աստվածամոր տաճարը» մյուզիքլ չէ, դա երգերի ժողովածու է: Հիմա բոլորն են ֆիլմ նկարահանում եւ ես մտածեցի, որ երաժիշտը եւս կարող է դրանով զբաղվել»,-ասել է մաեստրոն:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---