Անկարան չի վավերացնի արձանագրությունները, մինչեւ Երեւանը եւ Բաքուն չստորագրեն համաձայնագիր Ղարաբաղի հարցով

PanARMENIAN.Net - Հայատանը երբեք պաշտոնապես չի հայտարարել, որ տարածքային պահանջներ ունի Թուրքիայի նկատմամբ, բայց պաշտոնական Երեւանը երբեք չի էլ պնդել, որ այդպիսիք չկան: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ստորագրելով հայ - թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները, մենք վտանգի տակ ենք դնում մեր վաղվա պահանջը: Բացի այդ, այս արձանագրություններով բավարարվում են Անկարայի բոլոր երեք պահանջները, որոնց նա փորձում էր հասնել դեռ 1991թ-ից», - նկատեց Կիրո Մանոյանը: Նա հավելեց, որ տվյալ փաստաթղթերը չեն հանդիսանում միջազգային համաձայնագրեր, որոնք երկու կողմերի խորհրդարանների կողմից վավերացման կարիք ունեն:



«Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները գնացին այսօրինակ քայլի, որպեսզի բարդեն ողջ պատասխանատվությունը խորհրդարանի վրա: Անկարան իր հերթին կօգտագործի այս հանգամանքը գործընթացի ձգձգման համար: Հենց այս պատճառով արձանագրություններում նշված չեն ստույգ ժամկետներ փաստաթղթերի վավերացման համար», - նշեց Կիրո Մանոյանը:



«Հայ դատ» գրասենյակի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ արձանագրությունները չեն վավերացվի թուրքական խորհրդարանում այնքան ժամանակ, քանի դեռ Երեւանը եւ Բաքուն չեն ստորագրել հիմնարար սկզբունքներ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ: «Կարծում եմ, որ այս ողջ գործընթացը կձգվի մինչեւ տարվա վերջ, քանի որ Անկարայի համար կարեւոր է բուն գործընթացը: Թուրքիան կարող է ստորագրել արձանագրությունները, բայց ձգձգել դրանց վավերացումը», - նշեց Կիրո Մանոյանը:



Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պատահականություն է հանդիսանում այն, որ «Ճանապարհային քարտեզի» հրապարակումը տեղի ունեցավ ապրիլի 24-ից մեկ օր առաջ, իսկ վեցշաբաթյա ժամկետը, որը հատկացված է Հայաստանին եւ Թուրքիային ներքաղաքական խորհրդակցությունների համար, լրանում է հոկտեմբերի 13-ին` Կարսի պայմանագրի ստորագրման օրը, «Հայ դատ» գրասենյակի ղեկավարը նշեց, որ դա կարող է պատահականություն լինել նրանց համար, ովքեր վատ գիտեն թուրքական դիվանագիտությունը:
 Ուշագրավ
---