Էդուարդ Շարմազանով. Հայրենասիրությունը գոռալով չեն ապացուցում 7 հոկտեմբերի 2009 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի նախագահը որեւէ խնդիրներ ունենար հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, ապա չէր հանդիպի նրանց հետ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, չնայած, որ Հայաստանը հաշվի է նստում Սփյուռքի կարծիքի հետ եւ կիսում է նրա անհանգստությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի երկիրը, այսինքն` Հայաստանի նախագահը, Ազգային Ժողովը եւ համապատասխան պետական ինստիտուտները:«Մենք հարգում ենք զանազան կողմերի կարծիքը, բայց պետք չէ անցնել բոլոր թույլատրելի սահամնները: Ոչ Հայաստանում, ոչ էլ արտասահմանում ոչ ոք իրավունք չունի Սերժ Սարգսյանին մեղադրել իր գործողություններում»,- հայտնել է Էդուարդ Շարմազանովը` ավելացնելով, որ հայկական համայնքների ներկայացուցիչների հետ ՀՀ նախագահի հանդիպումների նպատակն է` ամրապնդել Հայաստանի հարաբերությունները Սփյուռքի հետ: Նա քննադատել է նաեւ Սփյուռքի ներկայացուցիչների բողոքի ցույցը Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ` հայտնելով, որ ինքնին բողոքի ցույցը բավական վիրավորական էր: Ընդ որում, նա համաձայնել է Սերժ Սարգսյանի կարծիքի հետ այն մասին, որ ավելի ճիշտ կլիներ, եթե բողոքի ցույցի մասնակիցները, հարգելով Ցեղասպանության զոհերի հիշատակը, լուռ կանգնեին Կոմիտասի հուշարձանի մոտ, այլ ոչ թե գոռային: Շարմազանովն ընդգծել է, որ հայրենասիրությունը գոռալով չեն ապացուցում: «Համահայկական ուղեւորության մեկնարկը Կոմիտասի հուշարձանի մոտ որոշակի նպատակով էր տրվել` ցույց տալ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, եւ որ հայկական իշխանությունները նախագահի գլխավորությամբ կանեն ամեն ինչ, որպեսզի վերականգնեն արդարությունը»,- ասել է Շարմազանովը: «Երկրի բոլոր խնդիրները պետք է լուծվեն, եւ դրանցից առաջինը պետք է դառնա Հայոց ցեղասպանության ճանաչումը: Օրական քանի՞ անգամ պետք է ՀՀ նախագահը կամ երկրի ԱԳՆ ղեկավարը խոսեն Ցեղասպանության մասին»,- հարց է տվել Շարմազանովը` ավելացնելով, որ վերջին 8-10 տարիների ընթացքում ինքն այնպիսի դեպք չի հիշում, որ այդ հարցի մասին այդքան խոսեին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |