9 հոկտեմբերի 2009 - 17:21 AMT
Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ 1997-98թթ. առաջարկներն ավելի լավն էին, քան Մադրիդյան սկզբունքները
Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար 1997-98թթ. ներկայացված առաջարկներն ավելի լավն էին, քան Մադրիդյան սկզբունքները: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը: «Տարածքների վերադարձման խնդիրը միշտ էլ եղել է, եւ ինձ թվում է, որ մոտ ժամամակներս առիթներ կլինեն գործնականում քննարկելու, թե ինչպես դա տեղի կունենա»,- ասել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը: Նրա խոսքով, Մադրիդյան սկզբունքները մշակվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, եւ ելնելով դրանից` չի կարելի ողջ մեղքը բարդել Սերժ Սարգսյանի վրա:

«Ինձ ավելի շատ զարմացնում է Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն այդ հարցում: Եթե Ստեփանակերտը համաձայն չէ Մադրիդյան սկզբունքների հետ, որոնք որոշում են Ղարաբաղի ճակատագիրը, ապա ինչու՞ է նա լռում: Չէ՞ որ Ղարաբաղը շատ լավ տեղեկացված է այդ առաջարկների բովանդակության մասին»,- նկատել է Վահան Փափազյանը` ավելացնելով, որ եթե ղարաբաղցիները մադրիդյան սկզբունքներն անընդունելի են համարում, ապա Հայաստանի եւ Սփյուռքի հայերն իրավունք չունեն հակառակն ասելու: