ՀԱԿ-ն ելք է փնտրում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացից

PanARMENIAN.Net - «Ցյուրիխում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրմամբ Թուրքիան ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր, այն է` Հայոց ցեղասպանության հարցը հանվելու է միջազգային օրակարգից, վկայակոչելով պատմական հարցերով ենթահանձնաժողովի առկայությունը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին նշել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը` մեկնաբանելով Ցյուրիխում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման վերաբերյալ ՀԱԿ հայտարարությունը:



Զուրաբյանի խոսքով, Հայաստանը Հայոց ցեղասպանության հարցը միջազգային օրակարգից հանելու փոխարեն ակնկալում է հայ-թուրքական սահմանի բացումը, ինչը Թուրքիան այժմ պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: «Այսինքն, թուրքական կողմը ստացավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցում, իսկ հայկական կողմի ակնկալիքները օդից կախված մնացին»,- ընդգծել է ՀԱԿ համակարգողը:



Խոսելով ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպված բողոքի վերջին ցույցերի մասին` նա նշել է, որ բողոքի նման ցույցերը, որոնցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը չի առաջադրվում, գործում են ինքնին «վարչակարգի» կողմից ուրվագծված շրջանակներում: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացի դադարեցման միակ միջոցը Սերժ Սարգսյանի հրաժարականն է»,- ավելացրել է Զուրաբյանը:



Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ինչով է բացատրվում ՀԱԿ պասիվությունը`կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների հետ, նա բացատրել է, որ ՀԱԿ ակտիվ աշխատանք է վարում` ուղղված այն զանգվածի ակտիվացմանը, որը մինչ այժմ օժանդակում էր հայկական կառավարությանը: Խոսելով ՀԱԿ կողմից զանգվածային միջոցառումների անցկացման մասին` նա նշել է, որ նման ակցիաները տեղի կունենան այն ժամանակ, երբ այդ մասին որոշում կընդունվի:
 Ուշագրավ
---