Հայաստանը եւ Ուկրաինան մտադիր են ակտիվացնել տնտեսական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար, հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկուն։



Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքն ակտիվացնելու եւ ավելի համակարգված դարձնելու անհրաժեշտությունը` նշելով, որ այն լուրջ խթան կլինի տնտեսական գործակցության զարգացման համար:



Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը եւ վերջին շրջանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված` դրա նվազումը, չի համապատասխանում իրական հնարավորություններին: Նրանց խոսքով` տնտեսական հարաբերություններում կա չօգտագործված մեծ ներուժ եւ միջկառավարական հանձնաժողովը պետք է այն իրացնելու ուղղությամբ լուրջ միջոցներ ձեռնարկի:



Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ նշվել են մեքենաշինության, ավիացիայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Նախագահ Սարգսյանը կարեւորել է նաեւ գործակցության ակտիվացումը հումանիտար ոլորտում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---