Իտալական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի երկաթուղային ծրագրերով

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:



Նախարարը դեսպանի խնդրանքով ներկայացրեց երկաթուղու ոլորտում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես նշվեց, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման նախնական ուսումնասիրությունն արդեն ավարտված է. այն իրականացվել է Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով` ավստրիական ILF ընկերության կողմից:



Երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման վերջնական աշխատանքների իրականացման համար ներկայումս բանակցություններ են վարվում Ասիական զարգացման բանկի հետ:



Գ.Սարգսյանը դեսպանին տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերություն, որը կզբաղվի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանն առնչվող բոլոր հարցերով: Նախարարի խոսքերով, ընկերությունն արդեն ձեւավորման փուլում է եւ մոտ ապագայում կսկսի գործել:



Դեսպան Բրունո Սկապինին տեղեկացրեց, որ Իտալիայի երկաթուղային ողջ համակարգը կոորդինացնող «Իտալֆեռ» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի երկաթուղային ոլորտում իրականացվող ծրագրերով: Բացի այդ, իտալական մի շարք ընկերություններ նույնպես հետաքրքրություն են հայտնել տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերի նկատմամբ:



Նախարար Գ.Սարգսյանը հայտնեց, որ ճանապարհաշինության ոլորտում իտալական մի ընկերություն արդեն գործունեություն է ծավալում: Մասնավորապես, Համաշխարհային բանկի` Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում, ճանապարհաշինարարական աշխատանքների որակի հսկողությունն ապահովում են իտալական` IRD եւ բելգիական SAFEGE խորհրդատվական կազմակերպություններից կազմված համատեղ ձեռնարկությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---