2010 թ-ն Իտալիայի խոշոր քաղաքներում կանցկացվեն Մինաս Ավետիսյանի գործերի ցուցահանդեսները

PanARMENIAN.Net - «Ես երկար եմ պատրաստվել Հայաստան իմ այցին եւ համարում եմ այն ճակատագրական: Մանկության տարիներին ես ապրել եմ Վենետիկում եւ տեսնում էի Սբ. Ղազար կղզին, որը ամբողջ աշխարհում հայկական մշակույթի խորհրդանիշն է: Հետո ես տեղափոխվեցի Նեապոլ եւ բնակվեցի Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցու մոտ: Այդ իրոք ճակատագիր է», - ասել է այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում արվեստաբան, Նեապոլի գեղեցիկ արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալոն:



Սա Գալոյի երկրորդ այցն է Հայաստան: Այցի նպատակն է` պատրաստել Մինաս Ավետիսյանի գործերը Իտալիայի քաղաքներում ցուցահանդեսներ կազմակերպելու համար եւ արվեստի դասախոսություններ անցկացնել հայկական բուհերի ուսանողների եւ դասախոսների համար:



Նա ընդգծել է, որ Մինաս Ավետիսյանի ցուցահանդեսները մասշտաբային կլինեն` նախատեսվում է ցուցադրել մոտ 100 գործ Իտալիայի ամենամեծ եւ լավագույն սրահներում: Այդ պատճառով կազմակերպչական աշխատանքները պահանջում են երկար եւ քրտնաջան աշխատանք: «Ցուցահանդեսները տեղի կունենան 2010 թ-ն, ավելի հստակ չեմ կարող ասել, որովհետեւ ցուցահանդեսը պետք է կազմակերպվի լավ եւ ոչ թե արագ», - ասել է Ֆրանչեսկո Գալոն:



Իր հերթին Մինաս Ավետիսյանի որդի Նարեկ Ավետիսյանը, նկարչի անունից խոստացավ ամեն ինչում աջակցել Գալոյին:



Իր նախորդ այցի ժամանակ պրոֆեսորը դժգոհություն հայտնեց Մինասի գործերի պահպանման պայմաններով Երեւանի Ժամանակակից թանգարանում: Այս անգամ նա նշեց փոքր դրական տեղաշարժ:



Ֆրանչեսկո Գալոն կիրակի օրը կմեկնի Իտալիա, որտեղ նա կհանդիպի Իտալիայում Հայաստանի դեսպանի եւ Իտալիայի մշակույթի նախարարի հետ:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---