25 նոյեմբերի 2009 - 13:06 AMT
«Մշակույթների համադրում մեկ աշխարհում» միջազգային փառատոնում Հայաստանը ներկայացրել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի երգչախումբը
Նոյեմբերի 24-ից 27-ը Կալկաթայի Մաքսիմ Գորկու անվան Ռուսական մշակույթի պալատում ընթանում են 2009 թվականի երիտասարդների միջազգային օրվան նվիրված «ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒՄ ՄԵԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ» եռօրյա համերգային, գեղարվեստական-մշակութային հանդիսություններ, որին մասնակցում են աշխարհի տասնյակ երկրներից եկած երիտասարդներ եւ ուսանողներ` ներկայացնելով իրենց ազգային մշակույթն ու արվեստը հանուն աշխարհի խաղաղության: Հանդիսություններին մասնակցում են երիտասարդ ներկայացուցիչներ` Բանգլադեշից, Չինաստանից, Ֆիջիյից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Իտալիայից, Ճապոնիայից, Լիտվայից, Նիգիերիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Շրի Լանկայից, Թուրքիայից եւ Ուզբեկստանից:

Հանդիսությունների շարքում ընդգրկված նոյեմբերի 24-ի «ԱՇԽԱՐՀԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ» համերգային ծրագրին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի երգչախումբը: Խմբավար Օրիորդ Անժելա Մանուկյանի գլխավորությամբ երգչախումբը հանդես եկավ հայ երգարվեստի ոգին եւ շունչը մարմնավորող Կոմիտասի, Տ. Մանսուրյանի եւ Ռ. Ամիրխանյանի հիասքանչ կատարումներով` հոգեկան մեծ բավականություն պարգ-ելով հանդիսականներին: Թեեւ միջազգային ներկայացուցիչների միջեւ մրցակցություն չկար, սակայն դահլիճից հնչող հոտնկայս ծափահարություններն ու գովեստի բարձր արտահայտությունները բավական էին` տեսնելու համար ներկաների հիացմունքը հայ արվեստի եւ երաժշտության հանդեպ: