Բաքվի հրաժարումը «Արեւելյան գործընկերության» շրջանակներում նախատեսված փոխգործակցությունից կարող է վտանգի տակ դնել նախաձեռնության հաջողությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հրաժարումը ծրագրով նախատեսված փոխգործակցությունից կարող է վտանգի տակ դնել Գործընկերության հաջողությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ ԱԳՆ ղեկավարների եւ «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրների հետ Բրյուսելում կայացած նիստում: «ԵՄ գործընկեր պետության կողմից նման վարքագիծը վարկաբեկում է համագործակցության բուն գաղափարը, իսկ մասնակից երկրների կողմից արձագանքի բացակայությունն էլ ավելի է այն արժեզրկում», ընդգծեց նախարար Նալբանդյանը:



ԵՄ երկրների արտգործնախարարներն իրենց ելույթներում կարեւորեցին գործընկերության անդամ պետությունների միջեւ համագործակցությունը եւ կոնկրետ քայլերի ձեռնարկումը:



Եվրոպական միության կողմից որպես համագործակցության օրինակելի փորձ նշվեց Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը, որն աջակցում է օրենսդիր, գործադիր եւ դատաիրավական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:



Հանդիպմանը որոշում ընդունվեց նախարարական հաջորդ նիստը անցկացնել 2010 թ. երկրորդ կեսին, իսկ 2011 թ.-ին` Արեւելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովը:



Նախարարական հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս` Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների, ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահ, Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կառլ Բիլդտի, Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---