Սոս Սարգսյան. Թուրքերը չեն կարող մեզ բարին կամենալ, քանի որ մենք նրանց ոճիրների գլխավոր վկաներն ենք

PanARMENIAN.Net - «Հարաբերությունները հարեւան երկրների հետ առողջ պետք է լինեն, սակայն Թուրքիայի հետ մենք բազում չլուծված խնդիրներ ունենք, եւ ես չեմ կարող միանշանակ ասել, որ այսօրվա իրավիճակը հենց այն է, ինչ մեզ հարկավոր է: Մենք` հայերս, չենք հասկանում, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը առաջին հերթին Թուրքիային է հարկավոր, ոչ թե մեզ: Եվ թեեւ նրանք շահագրգիռ են հարաբերությունների կարագավորման հարցում, թաքցնում են իրենց շահագրգռվածությունը, թողնելով նախաձեռնությունը մեզ»,-դեկտեմբերի 24-ին ուսանողների եւ լրագրողների հետ հանդիպմանը «Նարեկացի» արվեստի կենտրոնում նշել է ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական դերասան, Հայստանի համազգային թատրոնի ղեկավար, դերասան Սոս Սարգսյանը:



Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը պետք է պայմաններ թելադրի Թուրքիային հարաբերությունների կարգավորման համար, ոչ թե` հակառակը:



«Ես ցանկանում եմ նշել, որ կտրականապես դեմ եմ «սահմանի բացում» արտահայտությանը: Դա մեր սահմանը չէ: Մեր սահմանը բոլորովին այլ տեղում է: Մենք ուղղակի պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատենք Թուրքիայի հետ: Եվ եթե դա տեղի ունենա, մենք պետք է ավելի ուժեղացնենք Հայկական հարցի համար մղվող պայքարը եւ ստիպենք Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե հայերին թվում է, որ թուրքերը մեր բարեկամներն են եւ գրկաբաց են ընդունելու, ապա չարաչար սխալվում են: Թուրքերը չեն կարող մեզ բարին կամենալ, քանի որ մենք նրանց ոճիրների գլխավոր վկաներն ենք»,-ասել է Ս.Սարգսյանը:



Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ. հոկտեմբերի 24-ին Ստեփանավանում: 1954թ. ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1954-1990թթ. եղել է Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան: Կինոյում սկսել է նկարահանվել 1959 թվականից («Նվագախմբի տղաները»` Արտաշես):



ՀԽՍՀ պետմրցանակների դափնեկիր է (1975թ. «Եռանկյունի» ֆիլմում Մկրտիչի դերակատարման համար, 1979թ. `թատերական աշխատանքի համար, 1988թ.` «Մատենադարան« հեռուստաֆիլմի համար): Համամիութենական կինոփառատոնի դափնեկիր է «1986թ. լավագույն դերասանական աշխատանքների համար» անվանակարգում:



ԽՍՀՄ ժողովրդական դերասան է (1985թ.): 1989թ. ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր ՀԽՍՀ-ից: 1991թ. ստեղծել եւ գլխավորել է «Համազգային» թատրոնը: Նույն տարում եղել է Հայաստանի նախագահի թեկնածու: 1997-2005թթ. եղել է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր: Հայ հեղափոխական դաշնակցության անդամ է:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---