Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու նպատակով կստեղծվի եւս մեկ հիփոթեքային հիմնադրամ

PanARMENIAN.Net - Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու պետական ծրագրի իրականացումը մեր օրակարգային կարեւորագույն խնդիրներից է, եւ ուզում եմ ձեզ զեկուցել, որ երեկ նախարարական կոմիտեի նիստում հավանության է արժանացել հայեցակարգը, որը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության եւ Կենտրոնական բանկի համատեղ ջանքերով, եւ 2010-ի առաջին եռամսյակից կաշխատի մի նոր հիմնադրամ, որը հիփոթեքային էժան եւ հասանելի, երկարաժամկետ վարկեր երիտասարդ ընտանիքներին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:



Ըստ վարչապետի, այս պահի դրությամբ կանոնադրական կապիտալը, որը մենք ծրագրավորել ենք, կազմում է 3 մլրդ դրամ եւ ենթադրվում է, որ մինչեւ 15 տարով կարող ենք տրամադրել հիփոթեքային վարկեր 16 մլն դրամի շրջանականերում երիտասարդ ընտանիքներին: Հայեցակարգը ՀՀ կառավարության մոտակա նիստերում կհաստատվի, եւ հուսով ենք, որ առաջին եռամսյակում աշխատանքները այդ հիմնադրամը կծավալի: Երկրորդ ուղղությունը այն հիմնադրամն է, որը ստեղծվեց 2009-ին` 12 մլրդ դրամ կապիտալով: «Այս պահի դրությամբ ունենք 1 մլրդ 600 մլն-ի տրամադրված հիփոթեքային վարկեր, եւ մինչեւ տարվա վերջ այս ցուցանիշը կավելանա, եւ 2010 թվականին հիփոթեքային հիմնադրամը լայնածավալ հիփոթեքային վարկեր է տրամադրելու, այդ թվում նաեւ երիտասարդ ընտանիքներին: Այնպես որ հուսով ենք, որ 2010-ին մեր երիտասարդ ընտանիքները կօգտվեն այս հնարավորությունից, մանավանդ որ սա այն կարեւոր պարտավորությունն է, որ մենք ստանձնել ենք, որը նշված է նաեւ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում»,-ասել է Տ.Սարգսյանը:



«Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գրանցվել եւ արտոնագիր է ստացել ՀՀ ԿԲ 2009թ. հւնիսի 16-ի որոշմամբ: Այս ընկերության հիմնական նպատակը հիփոթեքային շուկայի զարգացումն է Հայաստանում, ինչպես նաեւ հասանելի հիփոթեքային վարկերի մատչելիության ապահովումը բնակչության համար:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---