Հայաստանն արժանապատվությամբ հաղթահարեց 2009 ճգնաժամային տարին

PanARMENIAN.Net - «2009 թվականը առանձնապես դժվար տարի էր ինչպես տնտեսության, այնպես էլ երկրի համար, մենք աշխատեցինք ֆինանսատնտեսական ճգնաժամի, ռեցեսիայի պայմաններում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` ամփոփելով 2009թ. արդյունքները: Նրա խոսքով, անցնող տարին փորձությունների տարի էր, քանի որ Հայաստանը նման բարդ իրադրության մեջ չէր հայտնվել սկսած 90-ականներից: Իրադրությունը, որում հայտնվեց երկիրը, բնականաբար, պայմանավորված է համաշխարհային միտումներով, քանի որ Հայաստանը ողջ աշխարհի հետ միասին կիսեց այդ դժվարությունները: «Մենք արժանապատվությամբ դուրս եկանք ճգնաժամից, պահպանեցինք մակրոտնտեսական կայունությունը եւ դրա հետ մեկտեղ շարունակեցինք երկրորդ սերնդի սկսված բարեփոխումները, իհարկե ոչ ծրագրված ծավալներով, բայց այդ գործընթացը շարունակվեց»,- հայտնեց նա:



Երկրի ֆինանսների նախարարի կարծիքով, ճգնաժամը սեփական հնարավորությունների վերագնահատման, ձեռք բերված արդյունքների ամփոփման ու եզրակացությունների ժամանակ է: Նա ավելացրեց նաեւ, որ տարվա սկզբին դեռեւս հայտնի չէր, թե ինչ է սպասվում երկրին տարվա վերջին: «Այսօր կարելի է վստահորեն ասել` 2009-ին մեզ հաջողվեց երկրի տնտեսությունը կայունության փուլի բերել, ուստի 2010-ին մենք կկարողանանք աճի փուլ անցնել»,- հավատացրեց նախարարը:



Ամփոփելով 2009-ի արդյունքները` Տիգրան Դավթյանը նշեց, որ Հայաստանի կառավարությանը հաջողվեց դիմակայել բոլոր այն դժվարություններին, որոնք առաջացել էին տարվա սկզբին. հաջողվեց իրականացնել տնտեսական քաղաքականությունը, ապահովել բյուջետային գործընթացը եւ ընդհանուր առմամբ ապահովել տնտեսական եւ ֆինանսական կայունություն: «Մենք արդեն առավել պատրաստված ենք եւ կարող ենք վստահ լինել, որ մոտակա տարիներին կկարողանանք վերադառնալ տնտեսական աճի նախաճգնաժամային մակարդակին»,- ավելացրեց նա:



Ընդ որում, նա ընդգծեց, որ Ֆինանսների նախարարությունը, թերեւս, միակն է, որն աշխատելու է մինչեւ 2009 թվականի վերջին օրն ու ժամը, որպեսզի լիարժեք ապահովի երկրի պետբյուջեի եւ ստանձնած պարտավորությունների իրականացումը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---