Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետը լրանում է ապրիլի 24-ին

PanARMENIAN.Net - «Ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության համար թուրքական խորհրդարանի կողմից հայ-թուրքական ստորագրված Արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետը լրանում է 2010թ. ապրիլի 24-ին»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցությունից պատգամավոր Գագիկ Մինասյանը:



Մինասյանի խոսքով, եթե Թուրքիան ձախողի հայ-թուրքական մերձեցման ներկայիս գործընթացը, չվավերացնելով Արձանագրությունները, ապա միջազգային հանրությունը կսկսի փնտրել այդ ձախողման մեղավորին: «Եւ չեմ կարծում, թե շահեկան կլինի այն երկրի դրությունը, որի վարքի պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր ջանքերն ապարդյուն կստացվեն»,- նկատեց նա:



Պատգամավորը նշեց նաեւ, որ չնայած թուրք բարձրաստիճան անձանց հայտարարություններին, Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի Արձանագրությունները: «Իսկ ներկայումս Թուրքիան ձգձգում է վավերացումը, որպեսզի գործընթացից ավելին ստանա, ինչը մեզ համար անընդունելի է»,- ընդգծեց Գագիկ Մինասյանը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---