Դեռեւս ուշ չէ Բաքվից փոխհատուցում պահանջել

PanARMENIAN.Net - Չի կարելի համաձայնվել այն տեսակետի հետ, որ դիվանագիտական բացթողումների պատճառով Հայաստանը բաց թողեց այն պահը, երբ կարելի էր հատուցում պահանջել: Այդ մասին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած հանրահավաքում ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ փոխհատուցում է պետք պահանջել Ադրբեջանից այն հարյուր հազարավոր հայերի համար, որոնք սպանվեցին կամ արտաքսվեցին Ադրբեջանից»,-ասել է նա` հավելելով, որ փոխհատուցում կարող է հանդիսանալ Ղարաբաղի եւ անվտանգության գոտու անկախությունն ու անվտանգությունը:



Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր հայրենակիցները սպանվեցին Բաքվում միայն հայ լինելու պատճառով: Նրանք սպանվեցին նրա համար, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ ձգտել է անկախ ապրել»: Ըստ նրա, հարգելով հայկական ջարդերի զոհերի հիշատակը, պետք է շեշտադրել հենց դա: «Մտորումներ են առաջանում` թե որքանով են պաշտպանված աշխարհասփյուռ հայերը: Իրո՞ք չկան նոր սպառնալիքներ եւ մարտահրավերներ, եւ կան արդյոք երաշխիքներ, որ նոր ջարդեր չեն լինի»,-ասել է Տ.Սարգսյանը: Ըստ նրա, Հայաստանի համար ազգային հարցերը լուծելու միակ երաշխիքը հզոր ու անկախ պետության առկայությունն է:



Միջոցառմանը մասնակցել են նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 500 հոգի: Մասնակիցները ծազիկներ են դրել նաեւ արցախյան պատերազմի հերոս Մովսես Գորգիսյանի շիրիմին:



Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց:



Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցնել` «մաքրելով» քաղաքը հայերից:



1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահագությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:
 Ուշագրավ
---