Երեւանում տեղի ունեցավ Բաքվում հայերի ջարդերին նվիրված խորհրդաժողով

PanARMENIAN.Net - «Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների հետ համատեղ կազմակերպել են Բաքվում հայերի ջարդերին նվիրված խորհրդաժողով:



Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց:



Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցնել` «մաքրելով» քաղաքը հայերից:



1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահագությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:



Ընդհանուր առմամբ 1988-1990 թվականների էթնիկական զտումների արդյունքում Ադրբեջանից ստիպված էին հեռանալ մոտ կես միլիոն հայեր, որոնց մի մասը համալրեց Սփյուռքը, իսկ կեսից ավելին մշտական բնակություն հաստատեց Հայաստանում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---