25 հունվարի 2010 - 15:22 AMT
PanARMENIAN.Net -
«Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի պրեմիերան կկայանա հունվարի 25-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում:
80-րոպեանոց անիմացիոն ֆիլմը նկարահանվել է 8 տարվա ընթացքում: Նախապատրաստական աշխատանքները սկսվեցին 2001 թվականին, իսկ նկարահանումները` 2002-ին եւ շարունակվեցին մինչեւ 2009 թվականի դեկտեմբերը:
Համանուն հայկական էպոսի հիման վրա նկարահանված «Սասնա ծռեր» անիմացիոն ֆիլմի բյուջեն կազմել է 350 միլիոն դրամ, որից 10 միլիոնը հատկացրել է Grand Candy ընկերությունը:
«Ֆիլմը նկարահանվել է անիմացիայի հայ վարպետների կողմից եւ ժամանակակից տեխնոլոգիայով, ինչը մեզ թույլ տվեց մասնակցության հայտ ներկայացնել 2010թ. Կաննի կինոփառատոն: Ֆիլմի աշխատանքներն արագացնելու համար մենք որոշեցինք դիմել ռուս գործընկերներին, սակայն այդ դեպքում նույն այդ ֆիլմի ծախսերը կեռապատկվեին, իսկ արդյունքն առանձնապես չէր տարբերվի այն արդյունքից, որը մենք ունենք այսօր»,- դեկտեմբերի 25-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
Ընդհանուր առմամբ «Սասնա ծռեր» ֆիլմի վրա աշխատած անիմատորների ստեղծագործական խմբի մեջ 8 հոգի էր մտնում:
Սցենարի հեղինակն ու գլխավոր ռեժիսորը Արման Մանարյանն է, նկարող-բեմադրիչը` Վարդան Զաքարյանը:
Ֆիլմը հնչյունավորել են հայկական կինոյի եւ թատրոնի ամենահայտնի վարպետները` Կարեն Ջանիբեկյանը, Երվանդ Մանարյանը, Վահագն Գրիգորյանը, Ժենյա Ավետիսյանը, Խորեն Աբրահամյանը եւ ուրիշներ:
«Ֆիլմի հեռուստացուցադրությունները կմեկնարկեն ընթացիկ տարվա վերջին: Իսկ մինչ այդ մենք մտադիր ենք ներկայացնել ֆիլմը ամենատարբեր փառատոններում եւ համոզված ենք, որ այդ ֆիլմը կգրավի թե' մասնագետների, թե' հասարակ հանդիսատեսի ուշադրությունը»,- նշեց Գեւորգ Գեւորգյանը:
«Սասնա ծռերը» առաջին հայկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, «Սասնա ծռեր» հայկական էպոսի առաջին էկրանավորումը: