
25 հունվարի 2010 - 15:26 AMT
PanARMENIAN.Net -
Հայաստանի դիվանագիտության մեջ նկատելի առաջընթաց է նկատվում, այն է, որ Հայաստանը կարողացավ տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցից: Այս մասին Երեւանում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության վարչության անդամ Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերի համաձայն, չնայած այս ամենին, Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշումները շարունակվում են:
Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է Թուրքիային հիշեցնեն, որ եթե կողմերի միջեւ բանակցությունները վերջնագրի լեզվով տարվի, ապա դրանք դժվար թե շարունակվեն: «Երեւում է, Թուրքիային պետք է հիշեցնել, որ Հայաստանը նրա գավառներից չէ, որպեսզի նա մեզ հետ վերջնագրի լեզվով
չխոսի», - նշել է Վարդան Խաչատրյանը:
Կարեն Ավագյանն, իր հերթին, նշել է, որ հայկական կողմը Թուրքիայի հետ բանակցությունների ողջ ընթացքում իր ուղուց չի շեղվել: Նրա խոսքերի համաձայն, Անկարան, որն ուզում է բանակցությունների հետ կապված բոլոր խնդիրները բարդել Երեւանի վրա, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների գործընթացում ցույց տվեց իր իրական դեմքն ու մտադրությունները:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից հայ-թուրքական բանակցություններում միջնորդ է: Փաստաթղթերի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ բացվի 1993 թ. փակված սահմանը: 2010 թ. հունվարի 12-ին ՀՀ ՍԴ արձանագրությունները ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխան:
Արցախյան գոյամարտը սկիզբ է առել 1918-1920 թվականներին։ Այս շրջանում Լեռնային Ղարաբաղը դե յուրե մաս չի կազմել որ—է պետության, այդ թվում՝ Ադրբեջանի։ Օսմանյան Թուրքիայի ճնշման տակ ստորագրված Բաթումի պայմանագրով, նոր կազմավորվող Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններից դուրս էին մնացել բազմաթիվ հայաբնակ տարածքներ, այդ թվում — Արցախը։
Իր ինքնորոշման իրավունքը իրագործելու համար, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ընտրեց ժողովրդական ներկայացուցչություն (պառլամենտ)՝ Ղարաբաղի Համագումարը, որը 1918-1920 թթ. ներկայացնում էր Արցախի գերագույն լիազոր օրգանը։ Ադրբեջանական կառավարությունը փորձեց Լեռնային Ղարաբաղը անեքսիայի ենթարկել Օսմանյան Թուրքերի օգնությամբ։
Արցախյան ազատամարտը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնապաշտպանության, ինքնորոշման — անկախության համար։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ընդունված է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հասկացությունը։ Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում է հաստատել իր գերիշխանությունը Լեռնային Ղարաբաղում։ 1988-ին վերարծարծումից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց պատերազմի Ադրբեջանի — Լեռնային Ղարաբաղի միջեւ:
Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (հնչակ- հայերեն` զանգ), հայկական ավանդական քաղաքական կուսակցություններից մեկն է: Հիմնադրվել է 1887 թ. Ժնեւի համալսարանի ուսանողներ Ա. եւ Մ. Նազարբեկյանի, Ռ. Խանազատյանի, Գ. Կաֆյանի եւ այլոց նախաձեռնությամբ, որոնք հրատարակում էին "Հնչակ" հեղափոխական թերթը: Կուսակցությունը դարձավ առաջին սոցիալիստական կուսակցությունը, որ գործում էր Օսմանյան Թուրքիայի եւ Պարսկաստանի տարածքում:
1888թ. հրապարակված ծրագրում կուսակցության մոտակա նպատակն էր համաժողովրդական ապստամբության միջոցով Արեւմտյան Հայաստանի ազատագրումը, որին պետք է հետեւեր սոցիալիստական կարգերի հաստատումը: Հնչակյանները մարքսիզմի քարոզիչներ էին, առաջին անգամ հայկական իրականության մեջ Ֆ. Էնգելսի թույլտվությամբ հրատարակում են "Կոմունիստական մանիֆեստի" հայերեն թարգմանությունը: Հնչակյանների հայտնի գործողություններից էր 1904 թ. ՀՅԴ հետ համատեղ իրականացրած Բաքվի ապստամբությունը:
Կուսակցությունն ակտիվորեն մասնակցել է Օսմանյան կայսրության դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարին, կազմակերպել է հանրահավաքներ Գում-Գաբուում (1890 թ.) եւ Բաբի Ալիում (1895), Զեյթունի, Սասունի եւ այլ ազատագրական ապստամբությունները: Կուսակցության անդամներն են եղել Մեծն Մուրադը, Ժիրայրը, Հրայրը, Քրիստափոր Օհանյանը, Մուրադ Սեբաստացին (վերջինս հարել է դաշնակներին) եւ այլք:
1915 թ. կուսակցության 20 առաջնորդներ Ստամբուլում կախաղան են բարձրացվել:
Կուսակցությունը մեծ դեր է խաղացել Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման գործում, նրա անդամները մարտնչել են Սարդարապատի ճակատամարտում: