
25 հունվարի 2010 - 19:42 AMT
PanARMENIAN.Net -
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը գտնում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մանդատներն ու իրավասությունները կվերականգնվեն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի խորհրդարանի խոսնակի մամլո քարտուղար Նաիրի Պետրոսյանը: Նրա խոսքով, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ պատվիրակությունը ստեղծվել է` ելնելով ԵԽԽՎ կանոնադրությունից բխող օբյեկտիվ չափանիշներից:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով-ը (ԵԽԽՎ)` Եվրոպայի խորհրդի կանոնադրական երկու մարմիններից մեկն է; խորհրդատվական մարմին է, որը կազմված է բոլոր անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներից: ԵԽԽՎ-ն Եվրոպայի հնագույն միջխորհրդարանական համագործակցության մարմին է: ԵԽԽՎ-ի անդամները նշանակվում են անդամ երկրների խորհրդարանների կողմից: Հինգ առավել խոշոր պետությունները, ներառյալ Ռուսաստանը, ԵԽԽՎ-ում ներկայացված են 18 անդամներով: Նվազագույն ներկայացուցչությունը` 2-ական պատգամավոր յուրաքանչուր պետությունից: Ազգային պատվիրակությունը պետք է ընդգրկի բոլոր քաղաքական խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներին,եւ պետք է համապատասխանի տղամարդկանց եւ կանանց հավասար ներկայացվածությունը: Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ին անդամակցում է 318 անդամ եւ 318 «տեղակալ»:
Նստաշրջաններին մասնակցում են նաեւ 18 դիտորդ` Կանադայի, Մեքսիկայի եւ Իսրայելի խորհրդարաններից: Նմանատիպ իրավունքներից օգտվում է Կիպրոսի թուրքական համայնքի երկու ներկայացուցիչ, որոնք ձեւականորեն ընդգրկված են Կիպրոսի հանրապետության պատվիրակությունում: Բելառուսի խորհրդարանը 1997 թ-ն ժամանակավոր զրկվել է «հատուկ հյուրի» կարգավիճակից եւ ներկայացված չէ նստաշրջանում: ԵԽ նախարարների կոմիտեն (ԵԽՆԿ) իր գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացնում Վեհաժողովի ամեն նստաշրջանում: ԵԽՆԿ-ն պարտավոր է նաեւ պաշտոնական պատասխաններ տալ ԵԽԽՎ-ի հանձնարարականներին:
Վեհաժողովը գլխավորում է պաշտոնապես մեկ տարով ընտրվող նախագահը (ներկայումս` Լուիս Մարիա դե Պուչը, Իսպանիա): Գործնականում նախագահի պաշտոնը փոխանցվում է ռոտացիայի կարգով մի քաղաքական խմբից (խմբակցությունից) մյուսին յուրաքանչյուր երեք տարին մեկ, այսինքն նախագահի իրավասությունները հաստատվում են երեք տարվա ընթացքում ոչ այլընտրանքային հիմքի վրա: Վեհաժողովը ընտրում է նաեւ նախագահի տեղակալներ, ներկայումս նրանց թիվը 20-նն է: