Հովիկ Աբրահամյան. Հայ-չինական հարաբերությունների զարգացման համար ամուր հիմք կա

Հովիկ Աբրահամյան. Հայ-չինական հարաբերությունների զարգացման համար ամուր հիմք կա

PanARMENIAN.Net -
Հունվարի 26-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խուն Ցզյուինին` իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:



Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Ցզյուինին անցած տարիների սերտ համագործակցության համար: Հ. Աբրահամյանը բարձր գնահատեց ՉԺՀ դեսպանի աշխատանքը եւ շեշտեց, որ անցած տարիների ընթացքում ստեղծվել է ամուր հիմք հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման համար:



Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձան 2008թ. դեկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակության ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը: Նրանք համաձայնեցին, որ անհրաժեշտ է նոր ջանքեր գործադրել, որպեսզի հետագայում եւս ՀՀ ու ՉԺՀ համագործակցությունը շարունակի զարգանալ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում` օգտագործելով ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին ՀՀ եւ ՉԺՀ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում:





Ամփոփելով զրույցը` ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը հաջողություններ մաղթեց դեսպան Ցզյուինին իր աշխատանքային ձեռնարկումներում եւ հույս հայտնեց, որ պարոն Ցզյուինի բարեկամական կապը Հայաստանի հետ կշարունակի նաեւ իր դիվանագիտական առաքելությունը Երեւանում ավարտելուց հետո, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---