
28 հունվարի 2010 - 14:11 AMT
PanARMENIAN.Net -
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության 2010թ. ծրագրերում է լրացնել բաց թողածը, մասնավորապես, ընդլայնել մեքենաների ապահովագրման գծով տրամադրվող ծառայությունների ցանկը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը: «Մենք հուսով ենք, որ 2010թ. կհատենք 2008թ. գրանցած արդյունքների նիշը»,-հավաստիացրել է նա:
2008թ. «Ինգո Արմենիա» ընկերությունը Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարն էր` այդ ընթացքում ապահովագրական ընկերության հավաքագրած ապահովագրական գումարը կազմեց 1,98 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է 2009թ., ապա, ըստ Լ.Ալթունյանի, արդյունքները հաշվարկված չեն, սակայն ընկերությունը մոտ է առաջատարի դիրքերին Հայաստանի ապահովագրական դաշտում: «Գաղտնիք չէ, որ 2009թ. ճգնաժամի պայմաններում մենք 12-14 տոկոս նահանջ գրանցեցինք ապահովագրական հավաքագրումների գծով: Հուսով ենք, որ 2010թ. մենք կշտկենք այդ իրավիճակը»,-ասել է գործադիր տնօրենը:
2009թ. մենք մտադիր էինք «ապահովագրական mix-եր» տրամադրել, այսինքն համալիր ապահովագրական ծառայություններ, որոնք համադրելի կլինեն շարքային աշխատողի աշխատավարձի հետ, որը կկարողանա ապահովագրել իրեն, իր ընտանիքը, գույքը: «Մենք նախաձեռնեցինք դա եւ այժմ պարզ դարձավ, որ դա առավելապես ընդունելի է ֆիզիկական անձանց համար, որոնց սպասարկման համար հարկավոր է նախապատրաստել գործակալների մի ամբողջ բանակ, ինչով էլ մենք այժմ զբաղված ենք»,-ասել է Լեւոն Ալթունյանը:
«Ինգո Արմենիա» ընկերությունը Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից է: Հիմնվել է այն 1997թ. «Էֆես» անվանումով որպես ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն: 2003թ. ընկերության բաժնետոմսերի հիմնական փաթեթը ձեռք բերեց «Ինգոգոսստրախ» ռուսական բաց բաժնետիրական ընկերությունը, որից հետո ընկերությունը վերանվանվեց «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն: 2009թ. սեպտեմբերի 30-ին «Ինգո Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում է «Ինգոգոսստրախ» ընկերությանը, իսկ 25 տոկոսը` Լեւոն Ալթունյանին: «Ինգո Արմենիա» ընկերությունը վերաապահովագրում է իր փաթեթն ապահովագրական այնպիսի հսկաների մոտ, ինչպիսիք են` Munich Re-ն եւ ACE-ն, ֆրանսիական SCOR-ը, ամերիկյան AIG-ն ու Chub Insurance Group-ը, լեհական Polish Re-ն, ռուսական «Ինգոսստրախ»-ը եւ այլն: