ՀՀ ՍԴ-ն Նիկոլ Փաշինյանի հայցը կվերանայի մարտի 5-ին

PanARMENIAN.Net -
«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցը` ընտրությունների քվեարկության արդյունքները անօրինական ճանաչելու մասին, Սահմանադրական դատարանը կվերանայի մարտի 5-ին: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրուցելիս ասել է ՀՀ ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ ԱԺ ընտրություններին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում եւ պարտություն է կրել:



Հունվարի 21-ին Նիկոլ Փաշինյանն իր լիազոր անձի միջոցով Սահմանադրական դատարանին դիմում է ներկայացրել ընտրությունների արդյունքները բողոքարկելու մասին:



Հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների մասնակիցներից հաղթանակել է «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը` հավաքելով 7622 ձայն:



Այդ ընտրատարածքում մրցում էին երեք թեկնածու` «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը` 7622 ձայն, Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը` 299 ձայն եւ «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` 5023 ձայն:



Նիկոլ Փաշինյանը դատապարտված է յոթ տարվա ազատազրկման: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Ն. Փաշինյանին մեղավոր է ճանաչել Քր. օր.-ի 1-ին մասի 225 հոդվածով (զանգվածային անկարգություններ) եւ դատապարտել է 7 տարվա ազատազրկման` պատիժը կրելով Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկում:

 Ուշագրավ
---