12 փետրվարի 2010 - 16:21 AMT
Հայաստանը մեկ քայլ եւս կատարեց դեպի քաղաքակիրթ հասարակություն


Հայաստանի <b>Ազգային ժողովում</b> փետրվարի 12-ին սկսվել են «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրինագծի լսումները: Ինչպես հաղորդւոմ է PanARMENIAN.Net-ի թղթակիցը ՀՀ ԱԺ-ից հայ խորհրդարանականների ուշադրության կենտրոնում են քննարկվող օրինագծի սոցիալական ասպեկտները:

Ներկայացնելով օրինագիծը` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային մշտական հանձնաժսղովի նախագահ <b>Գագիկ Մինասյանը</b> հաղորդել է, որ Հայաստանի տարածքում այսօրվա դրությամբ կա շուրջ 400 000 տրանսպորտային միջոց, ինչը ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ է դառնում: Ըստ նրա, օրինագիծը թույլ կտա ապահովագրել այն ռիսկերը, որոնք կապված են այդ պատահարների հետ, ինչպես նաեւ կպաշտպանի տուժած կողմի շահերը: «Այս համակարգը գործում է բոլոր զարգացած երկրներում եւ սա եւս մեկ քայլ է դեպի քաղաքակիրթ հասարակություն»,-նշել է նա:

Իր հերթին ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ <b>Վաչե Գաբրիելյանը</b> հավելել է, որ այս օրենքի ընդունումը կխթանի ապահովագրական շուկայի զարգացումը Հայաստանում, կնպաստի մրցակցության մակարդակի բարձրացմանն ու ապահովագրական որոշակի մշակույթի ստեղծմանը: Հաստատումից հետո օրենքը կսկսի գործել 2011թ., իսկ երկու տարի անց, երբ երկրում արդեն կձեւավորվի ապահովագրման որոշակի մշակույթ, կսկսի գործել նաեւ օրենքով սահմանված bonus-manus համակարգը, որը հաշվի է առնում վարորդի պատմությունը` այսինքն, ըստ նրա իրավախախտումների որոշվում է վարորդի պրոֆեսիոնալիզմը:

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 18-ին հավանություն է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրինագծին: Օրինագծով նախատեսվում է ստեղծել Ապահովագրական բյուրո, որը կորոշի ապահովագրության սակագներն ու այն վնասի հատուցման չափը, որը հասցվել է գույքին կամ մարդուն: Սեփականատերին հասցված վնասը կգնահատվի 2 մլն դրամ, մեկ մարդուն հասցված վնասը` 4 մլն դրամ, 2 եւ ավելի մարդկանց` 9 մլն դրամ: Տարեկան ապահովագրման արժքեը միջինը կկազմի 30 000-38 000 դրամ:

Այդ կապակցությամբ Վ.Գաբրիելյանը նշել է, որ գույքի գնահատման դեպքում ապահովագրական ընկերությունը կառաջնորդվի շուկայական գներով: