8 փետրվարի 2010 - 17:25 AMT
PanARMENIAN.Net -
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին եւ գրասենյակի տնտեսական հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Տիգրան Սուքիասյանին, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:
Հանդիպանը քննարկվեցին Հանձնաժողովի եւ կազմակերպության համագործակցության ընթացքը, աջակցության կարիք ունեցող նոր ուղղությունները եւ այլն: «Առաջիկայում Հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի համագործակցության հուշագիր կստորագրվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մրցակցային իրավիճակի բարելավման համար որպես կարեւորագույն միջոց կողմերը նշեցին շուկաներում կենտրոնացվածության մակարդակի իջեցումը եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացումը, որի համար, ըստ Հանձնաժողովի նախագահի, խոչընդոտ է հանդիսանում «երկար» փողերի բացակայությունը, բիզնես սկսելու համար վարկերի անմատչելիությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Հանձնաժողովը մտադիր է մարզերում տիրող մրցակցային իրավիճակը գնահատելու, առավել բարելավելու, արդյունավետորեն հսկելու միջոցառումներ իրականացնելու նպատակով մարզային այցելությունների շարք սկսել, որին աջակցելու պատրաստակամություն հայտնեց նաեւ ԵԱՀԿ դեսպանը: