15 փետրվարի 2010 - 15:55 AMT
PanARMENIAN.Net -
«Հայաստանում ուռուցքաբանության հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունը չի կարող համեմատվել զարգացած երկրների հետ, թեկուզ այն պատճառով, որ ամեն տարի շուկա է հանվում նոր արտադրանք: Սակայն բոլոր ուռուցքային հիվանդությունները Հայաստանում ախտորոշվում են եւ մենք չենք կարող ասել, որ մեր տեխնիկան հնացել է: Եվ հետո մենք շատ լավ մասնագետներ ունենք, ընդ որում ոչ միայն ավագ սերունդը, այլ նաեւ երիտասարդ մասնագետները»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքների եւ քիմիատերապիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Գրիգորի Բադալյանը:
Նա ընդգծել է, որ ճառագայթով բուժման համար Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ՄԱԳԱՏԷ-ից ժամանակակից սարքավորումներ է ստացել, որոնք եզակի են ողջ տարածաշրջանում:
Ըստ պրոֆեսորի, երեխաների ուռուցքային հիվանդությունների բուժման պետպատվերը կազմում է 190 հազար դրամ: «Սակայն այդ գումարով կարելի է տրամադրել միայն բազային բուժում: Եվ եթե հարկավոր լինի գնել ժամանակակից թանկարժեք դեղամիջոցներ, այդ գումարը չի բավականացնի»,-ասել է Գ.Բադալյանը: Ուստի, Հայաստանի համար կարեւոր է այնպիսի հիմնադրամների ստեղծումը, որոնք գումարներ կտրամադրեն ուռուցքային հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ դեղորայքի ձեռք բերման համար:
Այդ նպատակով կազմակերպվում են բարեգործական համրեգներ ու ընթրիքներ, որոնցից ստացված հասույթն ուղղվում է թանկարժեք դեղորայքի ձեռք բերմանը: Նման մի համերգ տեղի կունենա փետրվարի 15-ին Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում: