Աստանան կգործադրի բոլոր ջանքերը ղարաբաղյան հակամարտության առաջին գծից դիպուկահարներին հեռացնելու համար

PanARMENIAN.Net -
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը եւ գոհունակություն հայտնել Ղազախստանի հետ մեր երկրի համագործակցության ու քաղաքական երկխոսության ներկա մակարդակից: Նշելով, որ Հայաստանն ու Ղազախստանը դաշնակիցներ են, եւ որպես ՀԱՊԿ-ի անդամ պետություններ գտնվում են անվտանգության նույն համակարգում, Հայաստանի Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նախագահության ընթացքում կհաջողվի ընդլայնել երկու երկրների միջեւ երկկողմ ու բազմակողմ գործակցությունը:



«Վստահ եմ, որ տարածաշրջանային այս այցը Ձեզ հնարավորություն կտա առավել մոտիկից եւ հանգամանորեն ծանոթանալու առկա խնդիրներին եւ ներդրում ունենալու այդ խնդիրների լուծման հարցում»,- նշել է նախագահ Սարգսյանը:



ԵԱՀԿ գործող նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին ԵԱՀԿ-ում իր երկրի նախագահությունը ստանձնելու գործում ցուցաբերած աջակցության համար եւ տեղեկացրել այդ ընթացքում Ղազախստանի առաջնահերթությունների, ինչպես նաեւ ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողով կազմակերպելու մտադրության մասին:



ՀՀ նախագահը Ղազախստանի արտգործնախարարին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումների մասին` ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ, իսկ դրա լուծումը պետք է համաժամանակյա պատասխաններ տա հիմնախնդրի բուն պատճառներին ու հետեւանքներին:



Կանատ Սաուդաբաեւը ասել է, որ իրենք ըմբռնում են, որ կարճ ժամանակում դժվար է լուծել տարիներով ձգձգված հակամարտությունները, սակայն Ղազախստանն իր նախագահության ընթացքում կփորձի օգտակար լինել Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Կանատ Սաուդաբաեւը նաեւ նշել է, որ հակամարտության լուծման ճանապարհին կարեւոր քայլ կարող է լինել դիպուկահարների հետքաշումը շփման գծում, ինչի ուղղությամբ ԵԱՀԿ-ն կգործադրի իր ողջ կարողությունները:



Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ԵԱՀԿ-ի այլ առաջնահերթություններից բխող հարցեր: Նախագահ Սարգսյանը մեր երկրի պատրաստակամությունն է հայտնել հետայսու եւս ակտիվորեն համագործակցելու ԵԱՀԿ-ի բոլոր ինստիտուտների հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:





Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (OSCE, Organization for Security and Co-operation in Europe)` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպությունը աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն է, որը զբաղվում է անվտանգության հարցերով: Այն ընդգրկում է 56 երկիր:\r\n\r\nՆախկին անվանումը` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության խորհրդակցություն (Conference for Security and Cooperation in Europe - CSCE):\r\n\r\nԵԱՀԿ-ի մասնակից պետությունները. Ավստրիա, Ալբանիա, Անդորրա, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Վատիկան, Մեծ Բրիտանիա, Վենգրիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սան-Մարինո, Սլովենիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Հայաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Էստոնիա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Ղրղզստան:\r\n\r\nՀամագործակցության գործընկերներ` Ալժիր, Եգիպտոս, Հորդանան, Մարոկկո, Թունիս, Աֆղանստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Ճապոնիա:\r\n\r\n1992 թ-ի հունվարի 30-ց Հայաստանը անդամակցում է ԵԱՀԿ-ին:

 Ուշագրավ
---