Հենց Ադրբեջանն է խոչընդոտում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Հենց Ադրբեջանն է խոչընդոտում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net -
Կարեւորն այն չէ, թե ով եւ ինչպես է տեսնում, այլ` թե ով է որոշում, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այդ մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ «հակամարտության լուծման գործում գլխավորը «օկուպացված տարածքների» հարցն է եւ ադրբեջանցի փախստականներին տների վերադարձը»: Ընդ որում, ՀՀ ԱԳՆ ղեկավարն ասաց, որ դա հստակ ասված է նաեւ Մադրիդյան սկզբունքների որոշ մանրամասներում, որոնք հրապարակվեցին լ'Ակվիլայում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունից անմիջապես հետո:



«Եթե Ադրբեջանը դեմ է արտահայտվում այս հիմնարար մոտեցմանը, ապա փաստորեն խոչընդոտում է կարգավորման գործընթացը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը` ավելացնելով, որ Բաքուն խոչընդոտում է կարգավորումը նաեւ դեմ արտահայտվելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը: «Առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցության անհնար է առաջ մղել կարգավորումը»,- ընդգծեց Նալբանդյանը:



«Իսկ ինչ վերաբերում է հակամարտության հետեւանքների վերացմանը, ապա հարկավոր է նկատի ունենալ, որ պիտի լուծվեն նաեւ Մարտակերտի, Մարտունու եւ Շահումյանի շրջանների Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների եւ այդ շրջաններ փախստականների վերադարձի հարցերը»,- նշեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության հետեւանքների վերացման հարցը պետք է լուծվի հակամարտության պատճառների հետ զուգահեռ: Դրա հետ մեկտեղ Էդվարդ Նալբանդյանը նկատեց, որ այդ բոլոր հարցերը պետք է լուծել բանակցությունների միջոցով, փոխհամաձայնության հիման վրա եւ խաղաղ ճանապարհով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
---