Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Երուսաղեմ

PanARMENIAN.Net -
Փետրվարի 16-ին ավարտվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթաղիկոսի հովվապետական այցը Երուսաղեմ: Այցի ընթացքում Գարեգին Բ-ն մասնակցեց ՀԱԵ Երուսաղեմի պատրիարք, եպիսկոպոս Թորգոմ Մանուկյանի գահակալության 20, քահանայության 70 եւ ծննդյան 91-ամյակին նվիրված միջոցառմանը: Հանդիսությանը մասնակցում էին Ղպտի, լատին, հույն ուղղափառ եւ այլ եկեղեցիների ներկայացուցիչներ: Հանդիսության ընթացքում ընթերցվեց հայ ժողովրդին բազմամյա նվիրված եւ արգասաբեր ծառայության համար Թորգոմ Պատրիարքին Հայաստանի հանրապետության բարձրագույն` «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը:



Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո կենտրոնը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացավ պատրիարքարանի միաբանական ժողովը: Քննարկվեցին Սուրբ երկրում Հայ եկեղեցու ունեցվածքի պահապանման ու տնօրինման, ինչպես նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքության առջեւ ծառացած այլ խնդիրներ:



Ամենայն Հայոց Հայրապետը եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելեցին Ս.Հարության տաճար` խոնարհվելու եւ իրենց ուխտը նորոգելու Տիրոջ գերեզմանի առջեւ:





«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան

«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը շնորհվում է տնտեսության, բնական եւ հասարակական գիտությունների, հայտնագործությունների, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության զարգացման ոլորտներում ականավոր գործունեության համար, ինչպես նաեւ արտասահմանյան երկրների հետ Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական, տնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---