Դավիթ Շահնազարյան. Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ որոշակի փոխանակություն է կատարվել

PanARMENIAN.Net -
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարգավորման տրամաբանությունից անցում է կատարել հակադրման տրամաբանության: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նկատեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:



Շահնազարյանի խոսքով, ներկա պահին միջազգային հանրությունը Հայաստանին պարտավորում է առաջինը վավերացնել ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունները: «Արձանագրություններն առաջինը վավերացնելու` կառավարող կուսակցության մտադրության մասին ավելի վաղ հայտնել էին Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները»,- նկատեց նա:



Դրա հետ մեկտեղ ՀԱԿ ներկայացուցիչը նկատեց, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացը սկսեց Ռուսաստանը, այլ ոչ թե Հայաստանը: «Սակայն ռուսական կողմին հարկավոր էր Արձանագրությունների ստորագրումը, այլ ոչ թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը, այդ իսկ պատճառով Ռուսաստանը շատ ակտիվ էր մինչեւ այդ փաստաթղթերի ստորագրումը»,- ընդգծեց նա:



Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ինչու էր Ռուսաստանին հարկավոր Արձանագրությունների ստորագրումը, եւ ոչ թե սահմանի բացումը, Շահնազարյանը նկատեց, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բազմաշերտ հարաբերություններ կան, եւ Արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանի շահերի հաշվին որոշակի փոխանակություն տեղի ունեցավ: «Տվյալ դեպքում, օրինակ, Թուրքիան պատմական հարցերով միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման համար ստացավ Հայաստանի համաձայնությունը, ինչի մասին երկար ժամանակ երազում էր»,- պարզաբանեց ՀԱԿ ներկայացուցիչը:





Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
---