25 փետրվարի 2010 - 15:17 AMT
PanARMENIAN.Net -
Փետրվարի 26-ին տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից երկրների 6-րդ բաց երիտասարդական «Դելֆյան խաղերի» անցկացման կազմկոմիտեի անդրանիկ նիստը: Նիստը վարում էր կազմկոմիտեի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Նիստում հաստատվեցին «Դելֆյան խաղերի» ծրագիրը եւ կազմակերպչական փաստաթղթերը, որոնք ներկայացրեց կազմկոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Դելֆյան խաղերն» այս տարի առաջին անգամ անցկացվելու են Հայաստանում` հունիսի 26-ից հուլիսի 2-ը: ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից ընդունված համապատասխան փաստաթղթերի համաձայն` խաղերն անցկացվում են ԱՊՀ երկրների տարածքում, եւ այս տարի խաղերի անցկացման պարտավորությունը ստանձնել է Հայաստանը:
Խաղերի նպատակն է նպաստել ԱՊՀ տարածքում ընդհանուր մշակութային դաշտի ձեւավորմանը:
Հասմիկ Պողոսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե մասնակցել է խաղերին, եւ ներկայումս Հայաստանի խնդիրն է անել առավելագույնը` 6-րդ խաղերը լավագույնս անցկացնելու համար: Առաջարկ եղավ նաեւ խաղերի անցկացման մասին կարգի նախաբանում ամրագրել, որ խաղերը նվիրվում են Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին: Փաստաթղթերի փաթեթը կուղարկվի մասնակից երկրներին:
Կազմկոմիտեի նիստում հաստատվեցին նաեւ ծրագրի աշխատանքային խմբի անվանացանկը եւ կառուցվածքը: Ձեւավորվելու է մեկ աշխատանքային խումբ` կազմված երեք ենթախմբերից: Առաջին ենթախումբը զբաղվելու է կազմակերպչական, մյուսը` ծրագրի իրականացման եւ երրորդը` իրազեկման աշխատանքներով: Պայմանավորվածություն ձեռք բերեց, որ Մշակույթի նախարարությունն առաջիկա 3-4 օրվա ընթացում կներկայացնի աշխատանքային խմբի եւ ենթախմբերի ղեկավարների վերաբերյալ առաջարկություն:
Հստակեցվեցին նաեւ «Դելֆյան խաղերի» իրականացման նպատակով ՀՀ պետական կառավարման մարմիններին եւ գերատեսչություններին տրվելիք հանձնարարականները: Նիստում որոշվեց խաղերի խորհրդանիշի ներկայացված նախնական տարբերակը հիմք ընդունել եւ աշխատել այն բարելավելու ուղղությամբ: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կքննարկվի նաեւ խաղերի աշխարհագրությունն ընդլայնելու հարցը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքային խմբերը ձեւավորել սեղմ ժամկետներում, իսկ կազմկոմիտեի նիստերն առայժմ գումարել մեկամսյա պարբերականությամբ, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: