Ադրբեջանից տեղափոխված փախստականներին բնակարանով ապահովելու համար 40 մլն դոլար է հարկավոր

PanARMENIAN.Net -
«1988 թ. փետրվարի 28-29-ին Ադրբեջանի կառավարության ծրագրած բռնություններից հետո, որ հետագայում անվանվեցին ջարդեր, 500 հազ. ադրբեջանահայ արտագաղթածներից 360 հազ. մարդ հաստատվել է Հայաստանում` փախստականի կարգավիճակով», - փետրվարի 24-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի տարածքային կառավարման եւ միգրացիայի նախարարության միգրացիոն վարչության պետ Գագիկ Եգանյանը:



Վարչության պետի խոսքերի համաձայն, այսօր փախստականներն ունեն մի շարք առաջնահերթ խնդիրներ` զբաղվածության, հասարակական ծառայություններից օգտվելու, սակայն ամենաառաջնայինը նրանց համար բնակարանային հարցն է, որի «լուծմամբ ակտիվորեն զբաղվում է պետությունը»:



Նա ընդգծել է, որ 2004 թ. Հայաստանի կառավարությունը պարտավորվել է 3470 ընտանիքի ապահովել բնակարանով: «Այդ ծրագրի շրջանակներում արդեն 2005 թ. 1000 ընտանիք ստացել է Հայաստանի տարբեր շրջաններում բնակարան ձեռք բերելու արտոնագիր: Նրանցից 700-ն այդ արտոնագրերը իրացրել է, իսկ 300-ը տարբեր պատճառներով դեռ չի կարողացել», - ընդգծել է Գագիկ Եգանյանը, ավելացնելով, որ ներկայում Երեւանում առավել կարիքավոր է համարվում 1200 ընտանիք:



«Այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի 40 մլն. դոլար, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է երկրի բյուջեի համար: Այդ պատճառով մենք որոշել ենք այս տարի անցկացնել միջազգային մեծ համաժողով` դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ, որոնք կարող են այս ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերել», - ասել է վարչության պետը:



Նա ավելացրել է, որ բանակցություններ են վարվում մշտական աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ, որը զբաղվելու է համաժողովի անցկացման նախապատրաստմամբ, որն անցկացվելու է 2010 թ. հոկտեմբեր-նոյեմբերին:



«Այս տարի ֆինասատնտեսական ճգնաժամի հետեւանքով կառավարությունը գումար չի տրամադրել փախստականներին բնակարանով ապահովելու ծրագրի համար, սակայն միջազգային կազմակերպությունների տրամադրած միջոցները կարող են այդ ծախսերը փակել, քանի որ համաժողովն անցկացվելու է ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն կոմիսարիատի հետ համատեղ», - ընդգծել է Գագիկ Եգանյանը:



Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---