Բեռլինում կներկայացվի «Նա մարդասպան չէ» փաստագրական ներկայացումը

PanARMENIAN.Net -
Մարտի 5-ին «100 Grad» փառատոնի շրջանակներում Բեռլինի «Hebbel am Ufer» թատրոնում կներկայացվի «Նա մարդասպան չէ» փաստագրական ներկայացումը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Ներկայացման պրեմիերան տեղի ունեցավ փետրվարի 12-ին, Բեռլինի Heimathafen թատրոնում, որից հետո երկրորդ անգամ ներկայացվեց փետրվարի 19-ին:



Հայաստանից, Թուրքիայից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից հինգ դերասան կարդալու են Սողոմոն Թեհլերյանի դեմ դատավարության գործընթացի արձանագրությունների սղագրություններից հատվածներ, ներկայացման երաժշտությունը ապահովելու է մեկ երաժիշտ: Դատավարությունը տեղի է ունեցել 1921 թ., Բեռլինում:



Արձանագրությունն առաջին անգամ հրապարակել է 1921 թ. Բեռլինի հրատարակչական ընկերությունը` «W8 քաղաքականության համար»: Դրանից հեո արձանագրությունը 1980-1985 թթ. վերստին հրատարակում է «Խոստովանության աշխատանքային խումբ» կազմակերպության նախագահ, հայագետ Թեսսա Հոֆմանը:



«Ամեն անգամ ներկայացումից առաջ Թեսսա Հոֆմանը համառոտ պատմում է պատմական իրադարձությունների մասին, որից հետո 5 դերասանների միջոցով ներկայացնում ենք բոլոր կերպարներին` ընթերցելով դատական գործընթացի արձանագրությունները: Բեմադրության նպատակն է` նպաստել գործընթացին մասնակից երկրների եւ ժողովուրդների փոխհամաձայնությանն ու հաշտեցմանը», - PanARMENIAN.NET-ի թղթակցին պատմում էր ներկայացման դերասաններից Ստեփան Գանթրալյանը:



Նրա խոսքերի համաձայն, պրեմիերայի ժամանակ հանդիսատեսների մեծամասնությունը հայեր էին, իսկ արդեն ներկայացման երկրորդ ցուցադրության ժամանակ հանդիսատեսների շարքում էին գերմանացիներ, թուրքեր, քրդեր:



«Տոմսերն ամեն անգամ վաճառվում էին ամբողջությամբ եւ արագությամբ: Դահլիճում մոտավորապես 80-100 մարդ էր ներկա, ինչն ուրախացնում է», - ասել է Ստեփան Գանթրալյանը:



Ներկայացման մեջ խաղում են` Բիրտե Ֆլինտը, Վիկտորյա Բիսկոն, Մարգո Բինդերը, Թունքեյ Գարին, Ստեփան Գանթրալյանը, իսկ դաշնամուրային նվագակցությամբ հանդես է գալիս Վինսենտ Ջուլիեն Պիոտը:



Նախագծի ղեկավարն է Գեինց Բյոկեն`Թեսսա Հոֆմանի համագործակցությամբ:







Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Սողոմոն Թեյլերյան

Սողոմոն Թեյլերյան (1897-1960), ծնվել է Արեւմտյան Հայաստանի Էրզինջան բնակավայրում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցում է հայ կամավորական բանակի ձեւավորմանը: Պատերազմից հետո ՀՅԴ-թյան հանձնարարությամբ «Նեմեսիս» գործողության շրջանակներում ուղեւորվում է Բեռլին եւ 1921 թ. մարտի 15-ին Շարլոտենբերգ շրջանում բազմաթիվ վկաների աչքի առաջ գնդակահարում է Օսմանյան կայսրության նախկին մեծ վեզիր Թալեաթ փաշային, հայերի դահճին, որը թաքնվում էր Գերմանիայում` 1919 թ. թուրքական դատարանի իր դեմ հարուցած մահվան դատավճռից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---