Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենից շատ անհրաժեշտ է ԱՄՆ-ին

PanARMENIAN.Net - «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առաջիկա քննարկումը ոգեւորություն է առաջ բերել հայ համայնքում: Բանաձեւում 1915-23թթ. Օսմանյան Կայսրության ողբերգական իրադարձությունները գնահատվում են որպես Ցեղասպանություն»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության վարչության նախագահ Հարություն Առաքելյանը:

Առաքելյանի խոսքով, Թուրքիան ԱՄՆ-ում հրեական լոբբիստական կազմակերպություններին է դիմել, որպեսզի խոչընդոտի բանաձեւի ընդունմանը, սակայն կտրուկ մերժում է ստացել, որը պարզաբանվում է նրանով, որ ԱՄՆ Կոնգրեսը պատմության խմբագրման վայր չէ:

Հարությունը նկատեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենից շատ անհրաժեշտ է ԱՄՆ-ին, եւ եթե հանկարծ հանձնաժողովը դրական եզրակացություն չտա կամ էլ ԱՄՆ նախագահը չարտասանի «ցեղասպանություն» բառը, պետք չէ հուսահատվել: «Քանի որ, ըստ էության, ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչինչ չի տա, պարզապես Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների ցուցակը կհամալրվի եւս մեկով: Մենք պետք է այդ հարցը լուծենք միջազգային իրավունքի շրջանակներում, այսինքն Հաագայի Միջազգային դատարան դիմենք»,- նկատեց նա:

Ռամկավար-Ազատական կուսակցության վարչության նախագահն ընդգծեց, որ Թուրքիան մարդկության դեմ ուղղված հանցագործություն է կատարել, եւ նրան պետք է պատասխանատվության ենթարկել Միջազգային դատարանում: «Դրա համար հարկավոր է հավաքել Ցեղասպանությանն առնչվող բոլոր փաստաբանական նյութերը եւ դրանք դատարան ներկայացնել: Բայց մինչ այդ ՀՀ խորհրդարանը պետք է որոշում ընդունի այն մասին, որ Միջազգային դատարանի վճիռները պետք է տարածվեն նաեւ Հայաստանի վրա»,- պարզաբանեց Առաքելյանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Ռամկավար ազատական կուսակցություն

Ռամկավար ազատական կուսակցությունը ստեղծվել է 1921 թ. Կոստանդնուպոլսում: Կուսակցության նպատակն էր պահպանել միասնական Հայաստանի անկախությունը, պաշտպանել հայկական քաղաքական, հասարակական, տնտեսական եւ մշակութային շահերը: 1947 թ. կուսակցության 8-րդ համագումարում հայտարարություն է ընդունվում, որում ասվում էր, որ կուսակցությունը հավատարիմ է մնում բուրժուական գաղափարախոսությանը, սակայն դա չի կարող պատճառ լինել այլ սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ուսմունք վարող ուղղությունների դեմ պայքար մղելու: Կուսակցությունը պրոպագանդում էր խաղաղ գոյակցություն եւ աջակցում էր գաղութատիրական երկրներում ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարին: ՌԱԿ-ը շրջանակներ ունի աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կա համախմբված հայկական համայնք` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Հունաստանում եւ այլուր: Կուսակցության պաշտոնաթերթերն են` «Զարթօնք», «Նոր օր», «Պայքար» պարբերականները:

 Ուշագրավ
---