Թուրքիան պետք է հրաժարվի Ցեղասպանության ժխտման քաղաքականությունից` որդեգրելով ապաշխարհման քաղաքականություն

PanARMENIAN.Net - «Մենք պետք է շնորհավորենք ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունման առիթով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում, քանի որ նրանք չենթարկվեցին իրական քաղաքականության նորմերին եւ որոշում ընդունեցին, որն արժանի է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհին»,-հայտարարել է սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը Երեւանում պատմաբան Սամվել Կարապետյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ Հարությունյանի, երեկվա որոշումից Թուրքիան պետք է եզրակացություններ անի իր համար` հրաժարվի Ցեղասպանության ժխտման քաղաքականությունից` որդեգրելով ապաշխարհման քաղաքականություն:

Սոցիոլոգը հավելել է նաեւ, որ բանաձեւի ընդունումը ոչ մի փոփոխության չի հանգեցնի թուրք-ամերիկյան հարաբերություններում, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ԱՄՆ-ում միջանկյալ վիճակում է եւ այն կարող է չընդգրկվել Կոնգրեսի օրակարգում:

Ինչպես նշել է Հարությունյանը, հայ-թուրքական իրական հաշտեցման համար հարկավոր է փոխել երկու ժողովրդների հավաքական հիշողությունը, քանի որ եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի, Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունել այդ ներողությունը:

Իր հերթին Ս.Կարապետյանը նշել է, թե այն, ինչ կարող է տալ Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը Հայաստանին, մեզնից է կախված: «Ինձ համար առավել կարեւոր է, որ այս սերունդը լավ իմանա իր արմատներն ու պատմությունը, որպեսզի նույնիսկ մի քանի տասնյակ տարուց նա պատրաստ լինի տեր կանգնելու գերության մեջ գտնվող իր հայրենիքին»,-ասել է նա:

Պատմաբանը նաեւ չի համաձայնվել Հարությունյանի հետ այն հարցում, թե լոկ ներողությունը բավարար է հայ-թուրքական հաշտեցման համար: «Թուրքերն իրենց պետությունը ստեղծեցին իր ներկա սահմաններում Հայոց ցեղասպանության միջոցով եւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից թիվ 252 բանաձեւի հնարավոր ընդունումը կարող է ցնցումներ առաջացնել Թուրքիայում, քանի որ դա կհարվածի թուրքական պետության արմատներին»,-ասել է նա:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---