Արձանագրությունները չվավերացնելու համար Անկարայի փաստարկները նորմալ չեն ընդունվի

Արձանագրությունները չվավերացնելու համար Անկարայի փաստարկները նորմալ չեն ընդունվի

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ազնիվ սկիզբ ունեցավ, եւ նույն կերպ պետք է ավարտվի: Հակառակ դեպքում, այդ ամբողջ գործընթացը նման կլինի խեղկատակության: Այդ մասին, ելույթ ունենալով Երեւանում «Տարածաշրջանային գործընթացները Հարավային Կովկասում. Մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth 73-րդ սեմինարում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:

«Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Թուրքիային շուտափույթ կերպով վավերացնել Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Մենք հասկանում ենք, որ այդ հարցում շատ արգելքներ կան, բայց դա կարեւոր գործընթաց է: Ես բազմիցս ասել եմ թուրքական կողմին, որ միշտ կարելի է փաստարկներ գտնել Արձանագրությունները չվավերացնելու համար, բայց դա նորմալ չի ընդունվի»,- ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
---