Սերժ Սարգսյան. Թուրքիան մեզ պահանջներ ներկայացնելու բարոյական իրավունք չունի

Սերժ Սարգսյան. Թուրքիան մեզ պահանջներ ներկայացնելու բարոյական իրավունք չունի PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ բանավեճերը նորություն չեն ԱՄՆ քաղաքական կյանքում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի որոշումը ճանաչել Հայոց ցեղասպանության բանաձեւը հիմա: «Վերջին տասը տարում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը մի քանի անգամ փորձել էր այս հարցը քվեարկության դնել: Բացի դրանից 42 ամերիկյան նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը փաստ է, այնպես որ մարտի 4-ին ընդունված բանաձեւը մեզ համար ոչ անակնկալ էր, ոչ էլ նոր մոտեցում:



Միաժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` ՀՀ նախագահն ասաց. «Այսօր մենք Թուրքիայի հետ քննարկում ենք հարաբերությունների վերականգնման հեռանկարները: Դա պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, ենթադրում եմ, որ Թուրքիան մեզ մեղադրելու կամ պահանջներ ներկայացնելու բարոյական իրավունք պարզապես չունի: Չէ որ երբ դուք բանակցություններ եք վարում առանց նախապայմանների, դա նշանակում է, որ ազատ եք այս կամ այն թեման շոշափելու պարտավորությունից: Հակառակ դեպքում դուք արդյունք չեք ստանա: Օրինակ, ենթադրենք, որ հրաշք կկատարվի եւ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի Արձանագրությունները, եւ նույնը կանի Հայաստանի խորհրդարանը: Եվ ահա մենք վերականգնում ենք հարաբերությւոնները, իսկ ինչ-որ երրորդ երկիր, որը դա չի ցանկանում, դիտավորյալ այդ պահին բարձրացնում է Ցեղասպանության հարցը: Եվ ինչ, Թուրքիան կօգտագործի՞ այդ առիթը մեր երկխոսությունն ընդհատելու համար»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: Նա նաեւ ասաց, որ Հայաստանի եւ Թուրքիայի հակասությունները երեկ չեն սկսվել, եւ հայ-թուրքական սահմանը փակ է 17 տարի: «Չէ ոչ 17 տարի առաջ մենք այդպիսի բանաձեւ չունեինք: Մենք հիանալի հասկանում ենք. Թուրքիան մեծ երկիր է թե տարածքի, թե բնակչության, թե հզորության առումով: Նա շատ ավելի մեծ է քան Հայաստանը: Եթե մենք ապրենիք վակուում , դա այլ խոսակցություն կլիներ, բայց մենք եւ Թուրքիան միջազգային հանրության մաս ենք, եւ նրա այլ անդամները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եվրամիությունը հարեւան երկրների այս կամ այն դեպքերի եւ վերափոխումների վերաբերյալ պետք է ազդանշաններ ուղարկեն, գնահատականներ տան»,- ասել է Սերժ Սարգսյանը:



Ընդ որում, մեկնաբանելով այն, որ չնայած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, 2007-ին Երեւանի պետական համալսարանը նրան պատվո շքանշանի է արժանացրել, ՀՀ նախագահը հայտարարեց. «Դուք գիտեք, մենք չենք կարող ստիպել մեր հարեւաններին մտածել այնպես, ինչպես մենք ենք մտածում: Պետք չէ անհատականացնել պատվո շքանշանի արժանացնելու փաստը, չէ որ դրանով առաջին հերթին երախտագիտություն ենք հայտնում այն երկրի ժողովրդին, որին ներկայացնում է այս կամ այն քաղաքական գործիչը: Իսկ իրանցիները պատմականորեն մեր մոտ հարեւաններն են, եւ նրանք շատ կարեւոր են մեզ համար»: Նրա խոսքերով, այդ մոտեցումը շատ ընդունված է ժողովրդավարական երկրներում, հաղորդում է Euronews-ը:



Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար:



Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
---