Շտեֆան Ֆյուլե. Մոտ է ԵՄ-ի եւ Հայաստանի միջև պայմանագրային նոր հարաբերությունների ձևավորման նպատակակետը

Շտեֆան Ֆյուլե. Մոտ է ԵՄ-ի եւ Հայաստանի միջև պայմանագրային նոր հարաբերությունների ձևավորման նպատակակետը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական Միության ընդլայնման եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: “Եվրոպական ուղղությունը մեր արտաքին քաղաքականության ամենակարեւոր բաղկացուցիչներից մեկն է, և մենք շահագրգռված ենք համագործակցության խորացմամբ”,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Շտեֆան Ֆյուլեն իր հերթին նշել է, որ բավականին մոտ է ԵՄ-ի եւ Հայաստանի միջև պայմանագրային նոր հարաբերությունների ձևավորման նպատակակետը, ինչը ենթադրում է համագործակցության ավելի բարձր աստիճան: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Արևելյան գործընկերության մեկնարկով Հայաստան-ԵՄ համագործակցությունը որակական նոր մակարդակի վրա է դրվել: Ֆյուլեն բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը:

Կողմերը ԵՄ-Հայաստան հարաբերություններում առանձնացրել են երեք հանգուցային կետեր. քաղաքական առումով` Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների նախատեսվող մեկնարկը, տնտեսական առումով` համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը, և երրորդ կարևոր խնդիրը` Հայաստանից ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու հնարավորությունը:

Կողմերը համակարծիք են եղել, որ Եվրոպան ու Հայաստանը կապող հիմնական օղակը արժեքային համակարգերի ընդհանրությունն է: “Ի դեմս մեզ` դուք գործ ունեք պատրաստակամ օժանդակողների հետ”,- ընդգծել է ԵՄ հանձնակատարը:

Շ.Ֆյուլեն վերահաստատել է Եվրամիության անվերապահ աջակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և բարձր է գնահատել Հայաստանի նախագահի այդ ուղղությամբ ցուցաբերած վճռականությունն ու ջանքերը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
---