Ադրբեջանն արդեն բազմիցս ընդունել է Ղարաբաղը որպես բանակցային կողմ 7 ապրիլի 2010 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն արդեն բազմիցս ընդունել է Ղարաբաղը որպես ղարաբաղյան հակամարտության բանակցային կողմ ոչ միայն դե-ֆակտո, այլև դե-յուրե, քանի որ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ Ադրբեջանը փաստաթղթի ներքո ստորագրել է ԼՂՀ հետ միասին: Այդ մասին ՀՀ խորհրդարանում կայացած կառավարական ժամի ընթացքում հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանի հարցին: Նրա խոսքով, որքան շուտ Ղարաբաղը վերադառնա բանակցային գործընթաց, այնքան լավ կլինի ինքնին գործընթացի համար: Ընդ որում, պատասխանելով "Ժառանգություն" կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցին Սարգսյան-Օբամա-Էրդողան հնարավոր եռակողմ հանդիպման մասին, Նալբանդյանն ասաց. "Այդ հարցի առնչությամբ ոչ մի առաջարկ առայժմ չի եղել, իսկ եթե հանդիպում չկա, ապա ինչ քննարկել": Նրա խոսքով, ներկա պահին քննարկումներ են ընթանում Սարգսյան-Էրդողան հանդիպման շուրջ և այդ ժամանակ էլ պատասխանը կտրվի: "Իսկ բոլոր մյուս խոսակցություններն այն մասին, թե, իբր, ԼՂՀ խնդիրը կարող է քննարկումների առարկա դառնալ Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հնարավոր հանդիպման ընթացքում, ասեկոսեներ են",- ընդգծեց ՀՀ արտգործնախարարը:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |