Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Ադամ Շիֆին ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի համար

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Ադամ Շիֆին ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի հետ: Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին` ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև Հայաստանին և Արցախին ցուցաբերած օգնության համար, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Կալիֆորնիայի կոնգրեսական-դեմոկրատ (29-րդ շրջան) Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի հեղինակներից է, որը հաստատվել է 2010-ի մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից: Ադամ Շիֆը հանդես է գալիս նաև Լեռնային Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական օգնությունը մեծացնելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազական հավասարությունը պահպանելու և “Ազատության պաշտպանության ակտի” 907-րդ ուղղումը պահպանելու օգտին:

“Ազատության պաշտպանության ակտն” ընդունվել է ԱՄՆ-ում 1992թ.հոկտեմբերին` որպես նախկին խորհրդային պետություններին պետական կանոնավոր օգնություն ցուցաբերելու փաստաթուղթ: Համաձայն այդ օրենքի 907-րդ ուղղման, ԱՄՆ կառավարությանն արգելվում է անմիջական օգնություն ցուցաբերել Ադրբեջանի պաշտոնական կառույցներին վերջինիս կողմից Հայաստանի շրջափակման պատճառով:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---