ՀՀԿ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անդառնալի է դարձել

ՀՀԿ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անդառնալի է դարձել

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անդառնալի է դարձել, և վավերացվեն Արձանագրությունները, թե ոչ, դրանից ոչինչ չի փոխվի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: “Ըստ իս, հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մինչ Արձանագրությունների վավերացումը”,-ասել է Սահակյանը: Ինչ վերաբերում է Արձանագրությունների տակ Հայաստանի ստորագրությունը ետ կանչելուն, ապա Գ.Սահակյանը գտնում է, որ եթե պահը հասունանա և դա անհրաժեշտ լինի անել, Հայաստանը դա կանի:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վաշինգտոն շատ արդյունավետ էր: “Այդ այցը միավորեց ողջ հայությանն ու ես կարծում եմ, որ այժմ մեր ազգը միասնական է, ինչպես երբեք”,-ասել է հայ պատգամավորը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
---