ԹՀՎ-ն խորհրդանշական 1915 ստորագրություն է հավաքում Վրաստանի նախագահին հասցեագրված ուղերձի տակ

ԹՀՎ-ն խորհրդանշական 1915 ստորագրություն է հավաքում Վրաստանի նախագահին հասցեագրված ուղերձի տակ

PanARMENIAN.Net - Թբիլիսահայերի վեհաժողովը (ԹՀՎ) անց է կացնում խորհրդանշական 1915 ստորագրությունների հավաքագրում Վրաստանի նախագահին, խորհրդարանի խոսնակին, խորհրդարանի բոլոր անդամներին անձամբ, ինչպես նաև Վրաստանի բոլոր առաջատար քաղաքական կուսակցություններին հասցեագրված ուղերձի տակ: Թբիլիսիի քաղաքացիները, ինչպես հայեր, այնպես էլ այլ ազգությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց ստորագրություններն են դրել այդ ուղերձի տակ, խնդրում են խորհրդարանին առաջիկա նիստում, որը տեղի կունենա ապրիլի 24-ին շեմին, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մեր րոպե լռությամբ, քննարկել և ճանաչել Հայոց ցեղասպանության հարցը:

Ապրիլի 14-ին “Հավլաբար” մետրոյի կայարանի մոտ, կազմակերպությունը ստորագրահավաք էր կազմակերպել: Այդ ակցիայի մասին իրազեկվել էին բոլոր լրատվամիջոցները, որոնցից իրադարձությունը լուսաբանելու եկան միայն Ադրբեջանի հեռուստատեսության ներկայացուցիչները: Ստորագրահավաքը կշարունակվի մինչև ապրիլի 18-ը: Երկուշաբթի ԹՀՎ ներկայացուցիչները նամակները կհանձնեն հասցեատերերին, հաղորդում է կազմակերպության մամլո ծառայությունը: Տեղեկանք` Թբիլիսահայերի վեհաժողովում միավորված են մի քանի կազմակերպություններ` Վրաստանի հայ վետերանների միությունը, Վրաստանի հայերի իրավունքների պաշտպանության ասոցիացիան, Համահայկական խաղերի մասնակիցների համաժողովը, Կրթության հանրային խորհուրդը, Վրաստանի հայ երիտասարդների միությունը, “Նոր սերունդը”, ինչպես նաև Թբիլիսիի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---