Էդուարդ Շարմազանով. Թուրքական կողմի հայտարարություններն արժեք չեն ներկայացնում

Էդուարդ Շարմազանով. Թուրքական կողմի հայտարարություններն արժեք չեն ներկայացնում

PanARMENIAN.Net - Համաշխարհային տերությունները, չնայած հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորման հետ կապելու Թուրքիայի ձգտմանը, բազմիցս պնդել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու հայ-թուրքական մերձեցումը տարբեր գործընթացներ են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով, թուրքական կողմի հակասական հայտարարություններից հետո միջազգային հանրությունը պետք է իր եզրակացություններն անի, քանի որ Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի կողմից հայ-թուրքական գործընթացի սառեցման պատճառն է դարձել: "Այդ ամենից հետո տեղին կլինի նաև նշել, որ թուրքական կողմի հայտարարություններն արժեք չեն ներկայացնում, քանի որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում հայտարարում է առանց նախապայմանների հայ-թուրքական մերձեցումը շարունակելու պատրաստակամության մասին, իսկ հետո խոսում է ԼՂՀ-ին կից երկու շրջանների հանձնումից հետո միայն սահմանը բացելու մասին",- պարզաբանեց նա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
---